Սաակաշվիլին Ուկրաինա կվերադառնա 2019-ի մայիսին. Դերևյանկո

18:54 • 29.10.18

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կվերադառնա Ուկրաինա 2019 թվականի մայիսին՝ այդ երկրում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Այս մասին հայտնել է նրա համախոհ, Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Դերևյանկոն, գրում է УНИАН գործակալությունը:

Նշենք, որ օգոստոսին Սաակաշվիլին հայտարարել էր, որ կվերադառնա Ուկրաինա երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ պաշտոնից հեռանալուց հետո:

Նախագահական ընտրությունները Ուկրաինայում կկայանան 2019 թվականի մարտին, նույն տարվա աշնանը սպասվում են խորհրդարանական ընտրություններ: 

2017 թվականի հուլիսի 26-ին նախագահ Պորոշենկոն Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Հայտնի է, որ Վրաստանի նախկին նախագահն անկետա լրացնելու ժամանակ կեղծ տվյալներ է նշել:

«Սաակաշվիլին երկիր կվերադառնա 2019-ի մայիսին՝ նախագահական ընտրություններից հետո: Մինչ խորհրդարանական ընտրություններ նա կլինի Ուկրաինայի քաղաքական կյանքի գործող ակտիվ մասնակից», - ասել է Դերևյանկոն: