ՀԱՊԱԿ տնօրեն Նարեկ Վանեսյանն աշխատանքից ազատման դիմում կներկայացնի առողջապահության նախարարին
ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ հայտնում է, որ այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացնելու առողջապահության նախարարին:
Նա, մասնավորապես, գրել է.
«Քիչ առաջ հանդիպել եմ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ անձնակազմի հետ խոսել վերջին մի քանի իրադարձություններից։ Հիմք ընդունելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որ իմ կողմից գլխավորած բժշկական հաստատությունում իբր առանց համաձայնության պացիենտ է պահվում (սկզբունքորեն անհամաձայնություն է հայտնում ողջ բժշկական անձնակազմը) և դրանից հետո իմ և պաշտպանի գրասենյակի աշխատակցի միջև խոսակցությունը, որի ձայնագրությունը նույնպես կա և հրապարակված տեղեկատվությունը հեռու է իրականությունից, անհամադրելի եմ համարում իմ՝ որպես «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն պաշտոնավարումը, և այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացնելու ՀՀ առողջապահության նախարարին»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է հայտարարություն այն մասին, որ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքումից հետո հոգեբուժարանից ազատ է արձակվել անձ, ով հոգեբուժարանում պահվել է առանց հիմքերի։
Ինչպես տեղեկացրել էր ՄԻՊ գրասենյակը, հայտարարությունից հետո այդ հոգեբուժարանի ղեկավարը թույլ է տվել անօրինական վարքագիծ: Այնուհետև ՄԻՊ գրասենյակից հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, որը նախկինում կոչվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն:
Նշենք նաև, որ «Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի» տնօրեն Նարեկ Վանեսյանը Բժշկական համալսարանում կայացած միջոցառման ընթացքում իրեն պահել էր գռեհիկ ու առաջացրել էր ներկաների զայրույթը: Վերջինս տեղից անընդհատ ռեպլիկներ է հնչեցրել՝ հրահրելով կոնֆլիկտային իրավիճակ:
Հայտնել էինք նաև, որ Երևանի պետական բժշկական համալսարանի մի խումբ պրոֆեսորներ, դոցենտներ, անվանի բժիշկներ և ուսանողներ բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին՝ խնդրելով համարժեք գնահատական տալ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի մասին:










