Հունաստանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել

23:12 • 30.10.18

Երեքշաբթի 5.0 մգնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել հունական Զակինտոս կղզու մոտակայքում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիային, ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 17:12-ին (երևանյան՝ 19:12):

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանի սեյսմոլոգիական կայանը երկրաշարժի հզորությունը գնահատել է 5.9 մագնիտուդ, որի օջախը գտնվել է Զակինտոս կղզուց 47 կմ հեռավորությամբ:

Այսօր առավոտյան ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել՝ 5.3 մագնիտուդ ուժգնությամբ, որի օջախը նույն վայրում էր գտնվում:  

Հիշեցնենք, որ ևս մեկ երկրաշարժ՝ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ, կղզում տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին, որին բազմաթիվ հետցնցումներ են հաջորդել: