Գերմանիայում 100 հիվանդի սպանության համար մեղադրվող բուժեղբայրն ընդունել է իր մեղքը
Գերմանացի նախկին բուժեղբայր Նիլս Հոգելը, որին տեղական մամուլը կնքել է «մահվան հրեշտակ» անունով և որը մեղադրվում է 100 հիվանդի սպանության համար, դատավարության առաջին իսկ օրն ընդունել է իր մեղքը:
Ինչպես նշում է The Guardian-ը, Հոգելի գործով դատավարությունը համարվում է Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիայի պատմության մեջ սերիական մարդասպանի ամենաաղմկահարույց գործը:
«Պետք է խոստովանեմ, որ դա տեղի է ունեցել»,-ասել է նախկին բուժեղբայրը դատարանի դահլիճում, որտեղ հավաքված են եղել նրա կողմից սպանվածների հարազատները:
Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ բուժեղբայրը սպանություններն իրականացրել է մի քանի տարվա ընթացքում՝ գերմանական երկու հիվանդանոցում: Քննիչները նշել են, որ տղամարդն իր զոհերից 36-ին սպանել է Օլդենբուրգի կլինիկայում, իսկ մնացած 64-ին՝ Դելմենհորսթում աշխատելու տարիներին:
Տղամարդն ավելի վաղ պատմել էր, որ միտումնավոր վատացրել է տասնյակ հիվանդների սրտի աշխատանքը, քանի որ հաճույք է ստացել նրանց վերջին պահին վերակենդանացնելու գործընթացից:
«Նրա համար սպանելը նպատակ չէր: Երբ նրան հաջողվում էր վերակենդանացնել հիվանդին, նա բավարարվածություն էր զգում, սակայն դա ընդամենը մի քանի օր էր տևում: Նրա համար դա թմրանյութից կախվածության պես մի բան էր»,-նշել է մարդասպանի հետ զրուցած հոգեբանը:
Նշվում է, որ հետաքննության շրջանակում ոստիկաններն ու քննիչներն ուսումնասիրել են ավելի քան 500 հիվանդի անկետաներ, հարյուրավոր հիվանդանոցային փաստաթղթեր: Նրանք 64 տարբեր գերեզմանատներում արտաշիրիմել են 134 դի՝ այդ ընթացքում Հոգելին հարցաքննելով 6 անգամ: Քննիչները չեն բացառում, որ Հոգելի զոհերի թիվը կարող է հասնել 200-ի:










