Ինդոնեզիայում գտել են Boeing-ի ավիաաղետի զոհերից 10-ի դիերը (լուսանկարներ)
Ինդոնեզիայի ափերի մոտ իրականացվող որոնողա-փրկարարական գործողությունների շրջանակում հայտնաբերվել են Boeing 737 MAX ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով 180-ից ավելի զոհերից տասի դիերը:
Ինչպես նշում է The Straits Times-ը, Ճավայի ծովում դիերի որոնման աշխատանքներն արդեն երկրորդ օրն են շարունակվում: Ենթադրվում է, որ ինքնաթիռում եղած բոլոր 189 հոգին զոհվել են:
Ինդոնեզական իշխանությունների փոխանցմամբ՝ ջրից հանվել են օդանավի մեծ քանակությամբ բեկորներ, որոնք հավաքվել են 14 պայուսակի մեջ: Այնուհանդերձ՝ «սև արկղերը» դեռևս չեն հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX օդանավը Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց անհետացել էր ռադարների էկրանից, ավելի ուշ հաղորդվել է, որ այն ընկել է ծովը՝ Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ: Օդանավն ուղևորվում էր ինդոնեզական Պանկալպինանգ քաղաք:













