Թրամփի վարկանիշը վերջին շաբաթվա ընթացքում նվազել է մինչև 40 տոկոս
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը վերջին մեկ շաբաթում նվազել է մինչև 40 տոկոս՝ անցյալ շաբաթվա համեմատ նվազելով 4 տոկոսային կետով, գրում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով Gallup ընկերության անցկացրած վերջին ամենշաբաթյա հարցմանը:
Հոկտեմբերի 22-28-ն ընկած ժամանակատվածում անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Թրամփի վարած քաղաքականությունը հավանության է արժանացրել հարցվածների ընդամենը 40 տոկոսը: Ընդ որում՝ բացասական գնահատական է հնչեցրել հարցվածների 54 տոկոսը:
Հայտնի է, որ հարցմանը մասնակցել է չափահաս տարիքի շուրջ 1.500 ամերիկացի: Ցուցանիշների սխալման հավանականությունը 3 տոկոս է:
Նշենք, որ նոյեմբերի 6-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները երկրի քաղաքական ապագայի համար մեծ նշանակություն ունեն: Թրամփի թիմի հակառակորդ Դեմոկրատական կուսակցության հաղթանակի դեպքում Կոնգրեսը հնարավորություն կունենա ոչ միայն մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարել, այլև սկսել նախագահի պաշտոնանկության գործընթացը:










