Համաներումը ՔԿՀ–ները բեռնաթափելու նպատակ չունի, այն բացառապես մարդասիրական ակտ է և կկիրառվի 660 դատապարտյալի նկատմամբ. Ա. Զեյնալյան (ուղիղ միացում ԱԺ–ից)
Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով մինչև նախագծին անցնելը ներկայացրեց այսօրվա դրությամբ վիճակագրական տվյալները՝ ՔԿՀ-ներում կալանավորված և դատապարտված անձանց թվի վերաբերյալ:
Այսպիսով նա նշեց, որ ՔԿՀ-ներում կալանավորված և դատապարտված անձանց թվաքանակն է 2888, ամբողջ մահճակալների թիվը՝ 5346, մասնավորապես՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առկա է 644 կալանավոր և դատապարտյալ, իսկ տեղերի քանակը 780 է, «Վարդաշեն» ՔԿՀ-ների տեղերի քանակն է 349, դատապարտյալների և կալանավորների թիվը 150 է:
«Սա ներկայացնում եմ այն նպատակով, որ պարզ լինի, որ համաներումը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում, այն բացառապես մարդասիրական, հումանիտար ակտ է, այն կոչված է հաշտության, համերաշխության, և իրականացվում է ի նշանավորումն Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի»,- ասաց Զեյնալյանը:
Վերջինս ներկայացրեց անձանց այն խմբերը, որոնց վերաբերում է համաներումը՝ առավելագույնը 4 տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձինք, առավելագույն վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված սոցիալական այնպիսի խմբեր, որոնց մեջ ներառված են 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները, 3 և ավելի անչափահաս երեխա ունեցողները, 60 տարեկան լրացած, ինչպես նաև հղի անձինք:
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ համաներումը տարածվում է 2016 թվականի հունիսի 17-ից հուլիսի 31-ը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջինիս հետ հանցակցած, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար դատապարտված անձանց վրա, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված կամ ֆիզիկական վնաս կրած տուժողները, բայց դա չի տարածվում այն արարքների նկատմամբ, որոնք անմիջականորեն հանգեցրել են մարդու մահվան:
Արտակ Զեյնալյանն ասաց, որ ՔԿՀ–ներում պահվող անձանցից պատժից կազատվի 270-ը՝ դատապարտյալների ավելի քան 15 տոկոսը, պատժի չկրած մասը կկրճատվի, և ընդհանուր առմամբ հիմնարկներում պահվող 660 դատապարտյալների նկատմամբ կկիրառվի համաներում, որը կազմում է դատապարտյալների ընդհանուր թվի 36 տոկոսը:
«Նախորդ տարիների համաներումների համեմատ սա ամենաշատ շահառուն ունեցող համաներումն է»,- ամփոփեց նա:










