Հռոմում Վատիկանի դեսպանատանը մարդկային ոսկորներ են հայտնաբերվել
Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը երեքշաբթի ուշ երեկոյան հայտնել է, որ վերանորոգման աշխատանքների ժամանակ Իտալիայում առաքելական նունցիատուրայի (Վատիկանի դեսպանատուն) շենքին կից կառույցներից մեկում «մարդկային ոսկորների մասեր» են հայտնաբերվել:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, անմիջապես դեսպանատուն են ժամանել Վատիկանի ժանդարմերիայի աշխատակիցները, որոնք տեղեկացրել են հայտնաբերված ոսկորների մասին նախ Սուրբ Աթոռի ներկայացուցիչներին, այնուհետև Իտալիայի իշխանություններին:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Հռոմի գլխավոր դատախազ Ջուզեպե Պինյատոնեն անմիջապես դեպքի վայր է ուղարկել քրեական ոստիկանության աշխատակիցներին ու քրեագետներին՝ մահացածի տարիքը, սեռն ու մահվան ժամկետը ճշտելու համար:
Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քննիչները ցանկանում են պարզել, թե արդյոք հայտնաբերված ոսկորները չեն պատկանում 1983 թվականին Հռոմում առեղծվածային հանգամանքներում անհետացած երկու անչափահաս աղջիկներից որևէ մեկին:










