Ինդոնեզիայում հայտնաբերվել է կործանված Boeing-ի ֆյուզելյաժը
Ինդոնեզիայի զինված ուժերի ղեկավար Հադի Տյաջանտոն հայտարարել է, որ հավանաբար հայտնաբերվել է օրեր առաջ երկրի ափերի մոտ կործանված ուղևորատար Boeing 737 MAX 8-ի ֆյուզելյաժի գտնվելու վայրը:
Ինչպես նշում է themercury.com.au կայքը, պաշտոնյան մանրամասնել է, որ նախօրեին հայտնաբերվել էին մի քանի ուղևորների դիեր, ինչպես նաև օդանավի բեկորների մի մասը:
«Մենք ենթադրում ենք, որ գտել ենք ֆյուզելյաժի գտնվելու վայրը, սակայն դեռևս թիմ պետք է ուղարկենք, որ կարողանանք հաստատել տեղեկությունը»,-նշել է Տյաջանտոն՝ հավելելով, որ «սև արկղերը» դեռևս չեն հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 օդանավը Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց անհետացել էր ռադարների էկրանից, ավելի ուշ հաղորդվել էր օդանավի՝ ծովն ընկնելու մասին, ինչի հետևանքով բոլոր մարդիկ՝ 189 հոգի, զոհվել են:










