ՌԴ Քննչական կոմիտեն Արխանգելսկում պայթյունն ահաբեկչություն է որակել (տեսանյութ)
ՌԴ Քննչական կոմիտեն Արխանգելսկ քաղաքում Անվտանգության դաշնային ծառայության վարչության շենքում այսօր տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցել ահաբեկչության մասին հոդվածով: Քննիչների տվյալների համաձայն՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրել 17-ամյա տեղի բնակիչ, գրում է meduza.io-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնը, Անվտանգության դաշնային ծառայության վարչության շենքում պայթյուն իրականացրած անձը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել:
«Նախնական տեղեկության համաձայն՝ շենք մտած անձը պայուսակից հանել է դեռևս չպարզված իր, որը որոշ ժամանակ անց պայթել է նրա ձեռքում, որի հետևանքով տվյալ անձը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Արխանգելսկի մարզպետ Իգոր Օռլովն ավելի վաղ հայտնել էր, որ տեղի ունեցածը վարժանքներ չեն, և «իրավիճակն իսկապես շատ լուրջ է»: Նա հավաստիացրել էր, որ տարածքում ձեռնարկվել են անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումներ:
Միջադեպի պատճառները պարզվում են:
Լրատվամիջոցները հայտնել են, որ շենքում գտնվող բոլոր մարդիկ շտապ տարհանվել են, տարածքը շրջափակվել է իրավապահների կողմից:










