Եկամտահարկի առաջարկվող համահարթ 23 %-ը կառաջացնի սոցիալական անարդարություն և չի լուծի աշխատողներին ստվերից դուրս բերման խնդիրը. տնտեսագետ

22:21 • 01.11.18

Եկամտահարկի առաջարկվող համահարթ 23 %-ը կառաջացնի սոցիալական անարդարություն, վստահ եմ նաև, որ այս մոդելը չի լուծի աշխատողներին ստվերից դուրս բերման խնդիրը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արայիկ Այվազյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանի ելույթում՝ եկամտահարկի նոր մոդելի վերաբերյալ առաջարկներին:

«Եվրոպական զարգացած երկրների մեծ մասն ունեն պրոգրեսիվ հարկման մեթոդ, այսինքն, որքան բարձր է աշխատավարձը, այնքան շատ է հարկվում: Նույնը մեզ մոտ էր կիրառվում, սա զարգացած երկրների կողմից ընդունված և գրագետ հարկման սանդղակ է: Մեզ մոտ կիրառվող սանդղակը հանելը, չեմ կարծում, որ ճիշտ կլինի: Մեկ սանդղակ դարձնելու դեպքում ստացվում է, որ նվազագույն աշխատավարձ ստացողը և 2 մլն դրամ ստացողը նույն տոկոսով պետք է հարկվեն, որը սոցիալական անարդարություն կառաջացնի»,- նշեց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ եկամտահարկի գործող դրույքաչափերը հետևյալն են՝ մինչև 150 000 դրամ աշխատավարձի դեպքում հարկվում է 23 %, 150 000 - 2 մլն դրամի դեպքում՝ 28 տոկոս, 2 մլն դրամից ավելիի դեպքում՝ 36 %:

«Գուցե, ընդհանուր սանդղակի շեմը իջեցնենք, ենթադրենք՝ 23 %-ը դարձնենք 20 %, 28 %-ը դարձնենք 25 %, բայց պրոգրեսիվ մեթոդը պահպանելը ճիշտ է»,- նկատեց նա:

Արայիկ Այվազյանի խոսքով՝ կառավարության առաջարկած եկամտահարկի նոր մոդելը և արդարության տեսանկյունից է խնդիրներ առաջացնում, և չի լուծում վարչապետի նշած՝ ստվերում աշխատողներին հարկային դաշտ բերելու խնդիրը:

«Ես անձամբ հաշվապահական ընկերություն ունեմ, տարիներ շարունակ մասնակցել եմ տարբեր կազմակերպությունների ֆինանսական պլանավորմանն ու ռազմավարությանը և վստահ եմ ասում՝ ցանկացած կազմակերպություն այս սանդղակի պարագայում ստվերից չի հանելու աշխատողներին: Ավելին ասեմ, բավականին փոքր կազմակերպություններ, ովքեր մինչև հիմա կարողանում էին գոնե ստվերի հաշվին գոյատևել, արդեն այս սանդղակով, երբ անցնում են հստակ հարկման դաշտ, արդեն նրանք ունենում են եկամտաբերության խնդիր»,- ընդգծեց տնտեսագետը:

Արայիկ Այվազյանը նշում է, որ Պետական եկամուտների կոմիտեն չգրանցված աշխատողի համար տուգանքի չափը բարձրացրեց՝ դարձնելով 250 հազար դրամ, բայց նույնիսկ այդ մեթոդը լիարժեք չի կարողանալու ստվերը կրճատել: Նախկին կարգավորմամբ չգրանցված աշխատողների համար սանդղակավորված տուգանքն էր՝ կախված չգրանցված աշխատողների թվաքանակից, մասնավորապես, եթե 1-3 չգրանցված աշխատող է կազմակերպությունում, յուրաքանչյուրի համար 60 հազար տուգանք էր նախատեսված, 4-6 աշխատողի պարագայում՝ 150 հազար դրամ տուգանք, 7-9 աշխատողի պարագայում՝ 300 հազար դրամ, 9-ից ավելիի դեպքում 600 հազար տուգանք՝ յուրաքանչյուր չձակերպված աշխատողի համար:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց, որ Կառավարության նախնական մոտեցմամբ Հարկային օրենսդրության փոփոխության արդյունքում կսահմանվի 23 % համահարթ եկամտահարկ՝ պայմանով, որ առաջիկա 5 տարվա ընթացքում եկամտահարկը կիջեցվի մինչև 20 տոկոս բոլորի համար: Ընդ որում՝ համահարթությունը վերաբերում է ոչ միայն բոլոր աշխատավարձերի համար եկամտահարկի նույն սանդղակը, այլև նկատի եկամտահարկ-շահութահարկ բլոկների հավասարությանը:

Ըստ Ն. Փաշինյանի՝ եկամտահարկի այս մոդելը կարևոր է ներդրումների ներգրավելու տեսակետից՝ հատկապես ՏՏ ոլորտում, ինչպես նաև կխրախուսի ստվերային աշխատավարձի տեղափոխումը դեպի հարկային դաշտ. «Այս քայլով մենք խրախուսում ենք նաև փոքր և միջին բիզնեսը: Բարձր աշխատավարձ ստացողների հավելյալ մի քանի տասնյակ միլիարդ դրամը նրանք բարձի տակ չեն դնելու չէ՞, գնալու են խանութ, շուկա, ծայրահեղ դեպքում գնալու են ավանդ դնեն: Եթե ավանդ են դնելու այդ գումարը, մենք ավելի մեծ տեմպերով ունենալու ենք վարկերի տոկոսադրույքների նվազում, ինչը ևս նպաստելու է ՓՄՁ-ների զարգացմանը»,- նշել էր վարչապետի պաշտոնակատարը:

Բայց, փաստացի, եկամտահարկի այս մոդելով մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար նվազեցում այս փուլում տեղի չի ունենում:

Ըստ Արայիկ Այվազյանի՝ եկամտային չի կարելի համահարթեցնել շահութահարկին ու շահաբաժնին, քանի որ եկամտային հարկն ամբողջ գումարով ենթակա է հարկման, իսկ շահութահարկն ունի նվազեցումների հնարավորություն՝ «շահութահարկի մասին» օրենքով:

«Վարչապետը նկատի ունի, որ շահութահարկը և շահաբաժինը միասին լինեն 23 %: Տեսականորեն հնարավոր է, որ կազմակերպությունն ունենա աշխատողներ, ձևավորի եկամտահարկ, բայց գործունեության արդյունքում կազմակերպությունը չլինի շահութաբեր, և շահութահարկ և շահաբաժին վճարի 0 դրամ: Այս պարագայում ես չեմ ընդունում այդ տրամաբանությունը, որ դրանք համահարթեցված են: Եկամտահարկը չունի նվազեցնելու հնարավորություն, շահութահարկն ունի»,-ասաց նա:

Ստվերից հանելն էլ սրանից երբևէ չի խրախուսվելու, որովհետև կազմակերպությունների մեծ մասը փոքր են և իրենց համար ֆիքսված եկամտային հարկի գումարն ավելի ծանր բեռ է, քան գործունեության արդյունքում առաջացած շահութահարկը կամ շրջանառության հարկը: Հետևաբար, ստվերից դուրս գալու միակ տարբերակը, որը նախկինում կիրառվում էր, նվազագույն աշխատավարձը եկամտահարկով չհարկելն է, որ գոնե չգրանցված աշխատողներին ձևակերպեն նվազագույն աշխատավարձի չափով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է եկամտահարկի նվազեցմամբ ներդրումների ներգրավմանը, տնտեսագետը նկատեց, որ դա կազդի միմիայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների վրա:

«Բայց ՀՀ-ում չի կարող միայն ՏՏ ոլորտը զարգանալ: Ես հասկանում եմ՝ ինչու են մեծ նշանակություն տալիս ՏՏ ոլորտին, բայց Հայաստանում առանց այդ էլ ունենք տարածքների համաչափ զարգացման խնդիր: Մեր շրջաններում բավականին խնդիր ունենք այլ ոլորտները զարգացնելու և չենք կարող միայն շեշտը դնել ՏՏ ոլորտի վրա: Մենք այսօր մայրաքաղաքը դարձրել ենք հանրապետություն, այնքան են մարզերից եկել, ծանրաբեռնվածությունը ծայրահեղ շատ է, մի քիչ բեռնաթափել է պետք: Դրա համար պետք է շրջանները զարգացնել, իսկ շրջանները միայն ՏՏ ոլորտով չենք կարող զարգացնել»,- ասաց Արայիկ Այվազյանը: