Սաուդացի արքայազնը Բոլթոնի հետ զրույցում սաուդացի լրագրող Խաշոգջիին «վտանգավոր իսլամիստ» է անվանել. Washington Post

23:29 • 01.11.18

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բեն Սալման ալ-Սաուդը Թուրքիաում սպանված սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիին «վտանգավոր իսլամիստ» և «Մուսուլման եղբայրների» անդամ է անվանել:

Ինչպես հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, արքայազնը նման խոսքերով լրագրողին բնութագրել է Խաշոգջիի անհետացումից օրեր անց՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Դոնալդ Թրամփի խորհրդական Ջարեդ Կուշների հետ հեռախոսազրույցում:

Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Բոլթոնը զրույցի ժամանակ չի հասկացրել, թե արդյոք համաձայն է արքայազնի բնորոշման հետ:

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամները հերքում են, որ արքայազնը նման հայտարարություն է արել՝ նշելով, որ դրանք հակասում են սաուդյան թագավորության դիրքորոշմանը, որը հայտարարել է, որ լրագրողի մահը «սարսափելի սխալ և ողբերգություն» է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի դատախազությունը նախօրեին հայտարարել էր, որ հետաքննությունը ցույց է տվել, որ լրագրողին խեղդել ու մասնատել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մտնելուց անմիջապես հետո, այնուհետև հատուկ լուծույթով ոչնչացրել են մարմնի մասերը: