Կանադայի շուրջ 20 դպրոցում դասերը չեղարկվել են՝ անհայտ անձանց զանգերի պատճառով

12:31 • 01.11.18

Կանադայի արևելքում գտնվող Նյու Բրանսուիկ նահանգում շուրջ 20 դպրոց է փակվել՝ սպառնալիքի վերաբերյալ ահազանգերի պատճառով, տեղեկացնում է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանության հայտարարությանը:

Նշվում է, որ վաղ առավոտյան Էդմունդստոն քաղաքի դպրոցներից մեկի վերաբերյալ երկու ահազանգ է ստացվել, դրանից հետո որոշում է կայացվել դադարեցնել դպրոցական պարապմունքները մեկ ժամով, սակայն ավելի ուշ որոշվել է ամբողջովին չեղարկել դասերը:

Քաղաքի ոստիկանությունն ու Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանությունը հետաքննում են միջադեպը: Իրավապահները չեն բացառում, որ տեղի ունեցածը կարող է նաև Հելոուինի տոնի կապակցությամբ կատակ լինել, սակայն նախընտրել են ռիսկի չդիմել ու հետաձգել դասերը:

Հեռուստաալիքը նշում է, որ դասերը չեղարկվել է 18 դպրոցում, որոշումը տարածվել է 5000 աշակերտի ու 400 ուսուցչի վրա: