Հայաստանը ներառվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքում՝ դիրքերը բարելավելով 5 կետով. Freedom House-ի զեկույցը
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում համացանցի ազատության ամենամյա զեկույցը, որը կազմել է ավելի քան 70 մասնագետ:
Զեկույցի շրջանակում դիտարկվել է 65 երկիր, որտեղ բնակվում է համացանցային օգտատերերի 87%-ը:
Հայաստանը ներառվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքում՝ արձանագրելով 5 կետով առաջընթաց: Ընդհանուր առմամբ՝ զեկույցում ներառված երկրներից միայն 19-ում է արձանագրվել համացանցի ազատության մակարդակի բարձրացում, ու Հայաստանն այդ երկրներից մեկն է:
«Հայաստանը մասամբ ազատ խմբից տեղափոխվել է ազատ խումբ: Դրա համար հիմք է ծառայել այն փաստը, որ ապրիլին տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» ժամանակ քաղաքացիները հնարավորություն են ունեցել քաղաքական զարգացումները քննարկելու նպատակով օգտվել սոցմեդիայի հարթակներից, հաղորդակցային հավելվածներից, լայֆսթրիմինգային ծառայություններից»,-գրել են զեկույցի հեղինակները:
Մինչդեռ հարևան պետությունների մասով նշվում է, որ Արդրբեջանը ներառվել է մասամբ ազատ, Վրաստանը՝ ազատ, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան՝ անազատ համացանցով երկրների շարքում:
Փաստաթղթի հեղինակներն արձանագրել են, որ 2017թ. մայիսից 2018թ. հունիսն ընկած ժամանակահատվածում համաշխարհային համացանցը պակաս ազատ է դարձել: Արդեն 8-րդ տարին անընդմեջ Freedom House-ն արձանագրում է համացանցային ազատության անկում:
«Մի շարք երկրների իշխանություններ լծվել են «թվային ավտորիտարիզմի» կառուցմանը՝ արգելափակելով ոչ ցանկալի տեղեկությունը»,-նշել են հեղինակները՝ ընդգծելով, որ այս հարցում առաջատարը Չինաստանն է: Հատկանշական է, որ Պեկինը զեկույցում ներառված 36 երկրի ներկայացուցիչների հետ հատուկ դասընթացներ է վարել՝ պատմելով համացանցում ոչ ցանկալի տեղեկություններն արգելափակելու մեթոդների մասին:
Ընդհանուր առմամբ, նախորդ տարի 65 երկրից 26-ում համացանցի ազատության անկում է գրանցվել, և մեծ մասը կապված է եղել ընտրությունների անցկացման հետ: Վիրտուալ տիրույթում առավել կոշտ սահմանափակումներ կիրառած պետություններից են Եգիպտոսը, Շրի Լանկան, Կամբոջան, Քենիան, Նիգերիան, Ֆիլիպիններն ու Վենեսուելան:










