Դատարանը քննում է «Մարտի 1»-ի գործով ապացույցները կեղծելուն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Հ.-ի կալանքի միջնորդությունը. Ա.Հ.-ն դատաձգաբան-փորձագետ Արթուր Հովհաննիսյանն է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ դատաձգաբան-փորձագետ Ա.Հ.-ին կալանավորելու վերաբերյալ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդության քննությունը:
ՀՔԾ-ից Tert.am-ին հայտնեցին, որ նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է նույն գործով մեղադրյալ, «Մարտի 1»-ի գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության հետ, սակայն դատարանով պայմանավորված այն քննվում է այսօր:
Tert.am-ի տեղեկություններով՝ դատաձգաբան-փորձագետ Ա.Հ.-ն, ինչպես նշվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ, ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության դատաձգաբան-փորձագետ Արթուր Հովհաննիսյանն է, ում նկատմամբ հայտարարված է հետախուզում:
Tert.am-ը նրա աշխատանքից ազատվելու ժամկետի, հիմքի կամ աշխատանքային գործունեությունը շարունակելու մասին տեղեկություններ ստանալու համար հարցում է ուղարկել իրավապահ մարմին:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հայտնել էր, որ 2008 թ-ի մարտի 1-ին կիրառված իրական պարկուճները նախկին քննչական խմբի ղեկավարն ու դատաձգաբան-փորձագետը կեղծել են:
Արթուր Հովհաննիսյանը օժանդակելով Վահագն Հարությունյանին՝ նրա կազմակերպմամբ փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճները: Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքներն Արթուր Հովհաննիսյանն ամրագրել է իր կողմից տրված՝ փորձագետի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի ակնհայտ կեղծ եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին և դրվել շրջանառության մեջ:
Արթուր Հովհաննիսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:










