Դրական հրապարակումների քանակով նախարարներից առաջինը Զոհրաբ Մնացականյանն է, բացասականների քանակով՝ Արսեն Թորոսյանը. MaxMonitor

14:11 • 02.11.18

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է Կառավարության անդամների մասին դրական, չեզոք և բացասական հրապարակումների շարժընթացը։

Վերլուծության են ենթարկվել 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը:

Դրական հրապարակումների թվով առաջինը արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն է՝ 353 հրապարակում։

Ինչպես և նախորդող ամիսներին, հոկտեմբերին ամենաշատ բացասական հրապարակումներ ունեցող նախարարն առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն է՝ 59 բացասական երանգի հրապարակում:

Հրապարակումների մեծ մասը վերաբերում է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի շուրջ ծավալված իրադարձություններին։



MaxMonitor համակարգը ներկայացնում է նաև հայկական օնլայն մեդիայում նախարարների պաշտոնակատարների լուսաբանման ծավալը՝ 2018թ. հոկտեմբեր ամսվա արդյունքներով:

Հոկտեմբերի սկզբին պաշտոններից ազատվեցին ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ներկայացնող նախարարները, եւ հոկտեմբերի ընթացքում նշանակվեցին նոր նախարարներ: MaxMonitor համակարգը դադարել է հետեւել պաշտոնանկ նախարարներին եւ սկսել է հետեւել նորանշանակ նախարարների մասին հրապարակումներին նրանց նշանակման օրվանից ի վեր:

Հոկտեմբերի 16-ից կառավարության բոլոր անդամները համարվում են ժամանակավոր պաշտոնակատարներ: 130 լրատվական կայքերի հոկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն ունի հետևյալ տեսքը

1. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյան ՝ 1542 հիշատակում:

2. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյան ՝ 1443 հիշատակում:

3. ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյան՝ 1369 հիշատակում:

Ամենաքիչ հիշատակված նախարարներն են.

1. ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյան՝ 204 հիշատակում:

2. ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյան ՝ 188 հիշատակում:

3. ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյան ՝ 77 հիշատակում: