Անկարայի ակումբներից մեկում մեկ կոլայի ու սուրճի դիմաց երիտասարդից պահանջել են 5500 դոլար և ծեծի ենթարկել չվճարելու համար

22:41 • 02.11.18

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում քաղաքացին ծեծի է ենթարկվել տեղի ակումբներից մեկում իրեն հրամցված չափազանց մեծ հաշիվը վճարել հրաժարվելու համար, գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:

Բանն այն է, որ երիտասարդից մեկ շիշ կոլայի և մեկ բաժակ սուրճի համար 30 000 թուրքական լիրայի չափով վճարում են պահանջել, ինչը կազմում է մոտ 5500 ԱՄՆ դոլար: Ակումբի այցելուն հրաժարվել է վճարել այդքան մեծ գումար, բացի այդ՝ նա նաև դժգոհ է եղել ակումբի սպասարկումից, մատուցված սուրճի ու կոլայի տարօրինակ համից:

Տուժածի պնդմամբ՝ դրանից հետո մատուցողները նրան տարել են վերևի հարկում գտնվող սենյակ, ուր հաստատության տնօրենի հետ միասին փորձել են ստիպել ասել իր բանկային քարտի գաղտնաբառը, իսկ հետո փայտե մահակներով ծեծել նրան: 

Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել, գործով արդեն ձերբակալվել է 3 հոգի, որոնք դատարանի որոշմամբ կալանավորվել են: