Չինաստանում վարորդի և ուղևորուհու կռվի պատճառով ավտոբուսն ընկել է Յանցզի գետը. կա 13 զոհ (տեսանյութ)
Չինաստանի Չունցին քաղաքում ավտոբուսն ընկել է Յանցզի գետը՝ տրանսպորտային միջոցի վարորդի և ուղևորուհու կռվի պատճառով: Դժբախտ պատահարի զոհ է դարձել 13 մարդ, ևս երկուսն անհետ կորած է համարվում, այդ մասին հայտնում է lenta.ru-ն:
Հաղորդվում է, որ կոնֆլիկտի պատճառ է դարձել այն, որ կինը բաց է թողել կանգառը և վարորդից պահանջել է կանգնեցնել ավտոբուսը: Վերջինս հրաժարվել է կատարել խնդրանքը, քանի որ ավտոբուսն այդ պահին անցել է գետի վրայով անցնող կամրջի վրայով: Չինուհին սկսել է վիրավորել վարորդին, այնուհետ հարվածել է նրան:
Հրապարակված կադրերում երևում է՝ ինչպես է տղամարդը փորձում պաշտպանվել և պատասխան հարված հասցնել, ինչի հետևանքով նա մի ձեռքով բաց է թողել ղեկը: Այդ պահին նա կորցրել է կառավարումը, և ժամում 51 կմ արագությամբ ընթացող ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել մեքենայի, ինչից հետո բախվել է արգելապատնեշին ու ընկել գետը:
Չինաստանի իշխանությունները դեպքի վայր են ուղարկել տասնյակ փրկարարների, ոստիկանների, ջրասուզորդների ու կամավորների:










