Եգիպտոսում քրիստոնյաների տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել

18:47 • 02.11.18

Եգիպտոսում անհայտ անձինք հարձակում են գործել քրիստոնյա համայնքի ներկայացուցիչների տեղափոխող ավտոբուսի վրա: Հարձակման հետևանքով, ըստ նախնական տվյալների՝ մահացել է 10 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել 13-ը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով դեպքի վայրում ունեցած իր աղբյուրին:

Ավելի վաղ Al Arabia-ն հայտնել էր 7 զոհի մասին:

Հայտնի է, որ ավտոբուսն ուղևորվելիս է եղել Սուրբ Սամուելի տաճար: Նրանց հետ միասին տաճար ուղևորվել են ևս 2 ավտոբուս, որոնք, սակայն, անվնաս են մնացել: 

Այլ մանրամասներ առայժմ չեն փոխանցվում:

Սա այս տարածքում քրիստոնյաների դեմ զանգվածային հարձակման առաջին դեպքը չէ: Անցյալ տարի Սուրբ Սամուելի տաճար ուղևորվող քրիստոնյաների ավտոբուսը, որում կար 40 երեխա, կրկին հայտնվել էր ահաբեկիչների թիրախում: Այն ժամանակ միջադեպի հետևանքով մահացել էր 28 մարդ, վիրավորվել էին 20-ը: