ԱՄՆ-ում 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալը մահապատժի է ենթարկվել էլեկտրական աթոռի միջոցով (լուսանկարներ)
Միացյալ Նահանգներում վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալի մահապատժի վճիռն իրականացվել է էլեկտրական աթոռի միջոցով, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դա տեղի է ունեցել Թենեսի նահանգում:
Հայտնի է, որ մահապատժի ենթարկվածը 63-ամյա Էդմունդ Զագորսկին է, որը 1980-ական թվականներին դատապարտվել էր կրկնակի սպանության համար:
Երբ մահապատժի իրականացումից առաջ Զագորսկիին հարցրել են՝ արդյոք կցանկանար վերջին խոսքն ասել, դատապարտյալը միայն ասել է. «Գնացի՛նք»:
Պարբերականը նկատում է, որ էլեկտրական աթոռի միջոցով մահապատժի ենթարկելու պրակտիկան հազվադեպ է կիրառվում, սակայն Զագորսկին հրաժարվել է մահացու ներարկումից՝ ընտրելով էլեկտրական աթոռի տարբերակը: Նա բացատրել էր, որ էլեկտրական աթոռի վրա պակաս ցավ կզգա ու քիչ կտանջվի:
Նշվում է, որ Զագորսկին դարձել է 1960թ. ի վեր Թենեսիում առաջին կալանավորը, որին մահապատժի են ենթարկել էլեկտրական աթոռի միջոցով:
Աղբյուրը հավելում է, որ 2000թ. ի վեր ԱՄՆ-ում 14 կալանավոր է նստեցվել էլեկտրական աթոռին:












