Իսրայելն Իլ-20-ի ողբերգությունից ի վեր Սիրիայի տարածքում չի անցկացրել և ոչ մի ինքնուրույն ռազմական գործողություն. լրատվամիջոցներ
Իսրայելը սեպտեմբերի 17-ից ի վեր Սիրիայի տարածքում չի անցկացրել և ոչ մի ինքնուրույն ռազմական գործողություն, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ Contra Magazine-ին հղումով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը սխալմամբ խոցել էին ռուսական Իլ-20 ռազմական ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել է 15 զինծառայող:
Պարբերականը նշում է, որ Իսրայելում մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ չեն դադարեցնի Սիրիային ուղղված հարվածները՝ չնայած տարածաշրջանում ռուսական С-300 զենիթահրթիռային համալիրների հայտնվելուն, սակայն Իլ-20-ի հետ կապված ողբերգությունից ի վեր իսրայելական լրատվամիջոցներում չի եղել և ոչ մի հիշատակում նման գործողությունների մասին՝ չնայած նախկինում դրանք մանրակրկիտ լուսաբանվել են:
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ իրականացրել են նմանատիպ հարձակումներ, սակայն միայն «Ռուսաստանի հետ համաձայնեցնելուց հետո»:
Հիշեցնենք, որ Իլ-20-ը կործանվել է սեպտեմբերի 17-ին՝ «Հմեյմիմ» ավիաբազա վերադառնալու ճանապարհին՝ սիրիական С-200 հակաօդային պաշտպանության համակարգից արձակված հրթիռից:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն Իլ-20 հետախուզական ինքնաթիռի կործանման համար մեղավոր էր համարել Իսրայելի զինված օդուժին: Նման հայտարարությամբ էր հանդես եկել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: ՌԴ ՊՆ-ում կարծում են, որ F-16 կործանիչների իսրայելցի օդաչուները միտումնավոր են սիրիական զենիթային հրթիռներից թաքնվել ռուսական Իլ-20-ի հետևում:










