Բրազիլիան կհետևի ԱՄՆ-ի օրինակին ու դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխի
Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է Իսրայելում Բրազիլիայի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մտադրության մասին:
«Ինչպես նախկինում նշվել է մեր քարոզարշավի ժամանակ, մենք մտադիր ենք Բրազիլիայի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել: Իսրայելն ինքնիշխան պետություն է, ու մենք ամբողջապես հարգում ենք դա»,-իր թվիթերյան էջում գրել է նախագահը:
Ինչպես նշում է The Guardian-ը, Բրազիլիան կդառնա դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխած երրորդ երկիրն աշխարհում՝ Միացյալ Նահանգներից ու Գվատեմալայից հետո:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ողջունել է Բոլսոնարուի մտադրությունը՝ նկատելով, որ դա «պատմական, ճիշտ ու ոգևորիչ քայլ է»:
Հայտնի է, որ Պարագվայն ավելի վաղ ևս իր դեսպանատունը Երուսաղեմ էր տեղափոխել, սակայն նոր նախագահի ընտրվելուց հետո դեսպանատունը կրկին Թել Ավիվ էր տեղափոխվել:
Աղբյուրը նկատում է, որ Երուսաղեմն իսրայելա-պաղեստինյան հակամարտության ամենասուր կետերից է: Պաղեստինյան կողմը պահանջում է իրեն վերադարձնել 1967թ. պատերազմի ժամանակ Իսրայելի կողմից գրավված Արևելյան Երուսաղեմը, որտեղ մտադիր է ապագա անկախ պետության մայրաքաղաքը հիմնել: Մինչդեռ Իսրայելը պնդում է, որ Երուսաղեմը՝ դրա արևելյան հատվածը ներառյալ, իր հավերժական ու անքակտելի մայրաքաղաքն է:
Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող աշխարհի բոլոր պետությունները՝ բացառությամբ ԱՄՆ-ի ու Գվատեմալայի, իրենց դեսպանատները բացել են Թել Ավիվում՝ ընդգծելով, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով:










