Մերկելը բացատրել է, թե ինչու է որոշել այլևս չառաջադրվել կանցլերի պաշտոնում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացատրել է 5-րդ անգամ կանցլերի պաշտոնում իր թեկնածությունը չառաջադրելու որոշման պատճառները: Այդ մասին նա խոսել է Կիևում ուկրաինացի ուսանողների հետ հանդիպմանը, գրում է lenta.ru-ն:
Մերկելը հիշեցրել է, որ Գերմանիայի կանցլերի պաշտոնն է զբաղեցնում արդեն 13 տարի: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է թույլ տալ մյուս քաղաքական գործիչներին ևս նման պատասխանատվություն ստանձնել:
«Ես արել եմ այդ հայտարարությունը, որպեսզի հնարավորություն տամ մյուսներին, երիտասարդներին արտահայտել իրենց մտքերն ու նախապատրաստել կուսակցությունը հաջորդ ընտրություններին՝ այլ առաջնորդների գլխավորությամբ»,- ասել է քաղաքական գործիչը:
Նա ընդգծել է, որ Գերմանիայի բնակիչները ցանկանում են տեսնել գործողություններ՝ ուղղված իրենց կենսապայմանների բարելավմանը, այլ ոչ թե վեճեր Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնե-սոցիալական միություն կուսակցությունների դաշինքում:
Հոկտեմբերի 29-ին Մերկելը հայտարարել էր, որ ներկայիս ժամկետը կլինի վերջինը: Նա պարզաբանել էր, որ չի հավակնի կառավարության ղեկավարի պաշտոնին 2021 թվականի ընտրությունների ժամանակ կամ դրանից առաջ, եթե արտահերթ ընտրությունների անցկացում պահանջվի:
Մերկելը Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահն է 2000 թվականից, իսկ կանցլերի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից:










