ԱՄՆ-ում 94-ամյա կինը ողջ է մնացել ավելի քան 70 կրետի խայթոցից հետո

06:52 • 02.11.18

ԱՄՆ Օրեգոն նահանգի 94-ամյա բնակչուհի Արլին Պատերսոնը ողջ է մնացել 74 կրետի խայթոցից հետո, հաղորդում է Fox 12 Oregon-ը:

Կնոջ խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել, երբ նա որոշել է կարգի բերել տան մոտ գտնվող արահետը և կրետների բույն է հայտնաբերել: Միջատների պարսն անմիջապես հարձակվել է Պատերսոնի վրա՝ վայրկենաբար պատելով նրան:

Կինը փորձել է փախչել, սակայն սայթաքել է և ընկել, ինչից հետո կրետները սկսել են խայթել նրան: Պատերսոնն օգնության է կանչել որդուն, որը փորձել է ավելով հեռացնել միջատներին մորից՝ միևնույն ժամանակ նույնպես խայթոցներ ստանալով: Բարեբախտաբար, ձեռքի տակ եղել է կրետներից պաշտպանող հատուկ նյութ, որի օգնությամբ էլ Պատերսոնն ու նրա որդին կարողացել են ազատվել միջատներից:

Միջադեպից հետո կինն անմիջապես հոսպիտալացվել է: Նրան խայթել են 74 անգամ, սակայն այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում: