Նախածննդյան տոներն աշխատանքային համարելու նախագիծը հետ է վերցվել. դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը կլինի ոչ աշխատանքային
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության նախագիծը, որով նախատեսվում էր նախածննդյան տոները համարել աշխատանքային, հետ է վերցվել:
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հիմնական զեկուցողի բացակայության պատճառով օրենքի նախագծի քննարկումը Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվել է: 06.06.2018-ին հետաձգված նախագիծը Ազգային ժողովում հանվել է շրջանառությունից` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն:
Նախագծի հիմնական զեկուցողն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ մոտեցում է փոխվել: «Կլինի այնպես, ինչպես եղել է նախորդ տարիներին, այդ նախաձեռնությունը քննարկումների փուլ է անցել, բայց հետագայում նախագծին ընթացք չի տրվել, որոշակի պատճառ չկա, պարզապես մոտեցում է փոխվել»,-ասաց նա:
Այսպիսով, ըստ օրենքի առաջին հոդվածի`
1. Ամանոր և Ծննդյան տոներ. նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային oրեր:
1.1. Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր. նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային:
Եթե աշխատանքային օրերի հետ կապված փոփոխություն լինի, ապա կառավարությունը պետք է որոշում կայացնի:
Նշենք, որ հանգստյան օրերը կրճատելու վերաբերյալ նախաձեռնությունը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանինն էր: Փոփոխության նախագծի հիմնավորման մեջ նշված էր. «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հայաստանյան տոնացույցում՝ միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով: Նախածննդյան տոների ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից»:










