2019-ի ծրագրի ու միջոցառումների համար ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է 7 մլրդ 839 մլն դրամի հայտ

12:53 • 03.11.18

2019 թվականի համար ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է 7 մլրդ 839 մլն դրամի հայտ:

Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի պետ Արամ Նիկոլյանը:

«2019 թվականի Քննչական կոմիտեի բյուջետային հայտով նախատեսված է մեկ ծրագիր  ու հինգ միջոցառում, որոնց իրականացման համար  ծրագրով նախատեսված է 7 մլրդ 839 մլն դրամ: Ծրագրերն են՝  քրեական գործերով վարույթի իրականացումը՝ 7 մլրդ 623 մլն դրամ, վերապատրաստումը  և պատրաստման կազմակերպումը՝ 20 մլն 550 հզր դրամ, ՔԿ-ի պահուստային ֆոնդը՝ 101 մլն դրամ, մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրների կրթաթոշակի տրամադրումը՝ 42,7 մլն դրամ և ՔԿ-ի տեխնիկական հագեցվածության բարելավումը՝ 26.3 մլն դրամ»,-ասաց Արամ Նիկոլյանը:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետն ասաց, որ 2019-ի պետական բյուջեով նախատեսված 7 մլրդ 839 մլն-ը 2018-ի համեմատ աճել է 25.8 տոկոսով: Նրա տեղեկացմամբ՝ 7 մլրդ 623 մլն-ը նախատեսված է աշխատավարձերի համար, որը ՔԿ-ի բյուջեի 88.4 % է կազմում, իսկ 11.6 % կազմում է  ծառայությունների, ապրանքների պարտադիր վճարներով ձեռքբերումը, իսկ կոմունալ ծառայությունների վճարն ավելացել է՝ պայմանավորված ՔԿ-ին հատկացված երեք նոր շենքերով:

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՔԿ-ի բյուջետային ծրագրի վերաբերյալ հարցրեց, թե ինչ է իրենից ենթադրում կարողությունների զարգացման ծախսը, որի համար հատկացվելու է 51 մլն դրամ, Արամ Նիկոյանն ասաց, որ  դրանք տրանսպորտային սարքավորումների հոդվածով են,  մեքենաների մասով ևս բարելավում է  եղել, վարչական սարքավորումների մասով էլ 2019-ի համար նախատեսել ենք տեխնիկական սարքավորումների համալրում: