Արամ Սարգսյանը մերժել է «Լուսավոր Հայաստանի» ցուցակով մասնակցելու առաջարկը, կարող է նոր դաշինք ձևավորվել. «Հանրապետություն» կուսակցության անդամ
Մենք վստահ էինք, որ «Լույս» դաշինքի համար 7 տոկոսը շատ փոքր շեմ էր, կարող էինք շատ ավելի բարձր արդյունքներ էլ գրանցել, բայց պարոն Մարուքյանն ուզեց փորձել կուսակցությունով մասնակցել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը` անդրադառնալով հարցին՝ արդյոք «Լույս» դաշինքի պառակտման պատճառը եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մտավախությունը, որ գուցե չկարողանան հաղթահարել դաշինքի համար նախատեսված անցողիկ 7 տոկոսի շեմը:
«Դեռ չենք որոշել՝ ընտրություններին կգնանք «Հանրապետություն» կուսակցությունով, թե այլ դաշինքով, մեր հայտարարությունը շատ չի ուշանա, կարծում եմ, որ վաղն այն կլինի: Ես վստահ եմ՝ մեր կուսակցության անցած ճանապարհի, ուժերի վրա. անկախ մասնակցության ձևաչափից՝ մենք կլինենք խորհրդարանում երկրորդ ուժը»,- շեշտեց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլում ավելի վաղ գրվել էր, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին Էդմոն Մարուքյանն առաջարկել է իրենց ցուցակով մասնակցել, Անի Խաչատրյանն ասաց.
«Առաջարկություն եղել է, որ Արամ Սարգսյանը մասնակցի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով, բայց այն չի ընդունվել. կրկնում եմ՝ մեր շանսերը մեծ են թե՛ առանձին գնալու և թե՛ դաշինքով գնալու դեպքում»,- եզրափակեց նա:










