Բոլոր ժամանակներում ընդդիմությունը բողոքում է «Հանրայինի» լրատվական թողարկումից, որը գեղեցիկ շահարկում է. Մարգարիտա Գրիգորյան (տեսանյութ)

17:21 • 05.11.18

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների գործով հարուցված քրեական գործը չի որակում որպես չարաշահում, թեև հարուցված գործ կա:

«Եթե դուք բացեք Քրեական օրենսգիրքը և տեսնեք, որ կա քրեական գործ՝ հարուցված փաստի առիթով, դա չի նշանակում, որ քրեական գործ է հարուցվել Հանրային հեռուստաընկերության նկատմամբ: Հարուցվել է փաստի առիթով, որտեղ բերված է երեք կետ, և դա հիմա քննության ընթացքում է: Երբ որ քննությունը կավարտվի, ինչպես ես, այնպես էլ ես դուք դրա պատասխանները կիմանանք:

Ես վստահ եմ, որ Հանրային հեռուստաընկերությունն իր գործառույթներում չի թերացել և կատարել է իր աշխատանքն առանց անօրինականությունների»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե դա կարող է հանգեցնել պաշտոնանկությունների, Մարգարիտա Գրիգորյանը պատասխանեց, որ պաշտոնանկություններ միշտ են հնարավոր, յուրաքանչյուր ոլորտում:

«Ինչ վերաբերում է իմ ենթակայության տակ աշխատող մարդկանց, ապա նման որոշում չկա, բոլորն աշխատում են շատ լավ, արդյունավետ, և մենք որոշակի օպտիմալացումներ ենք ունեցել, որոշակի հետաքրքրիր կառուցվածքային առաջխաղացումներ ենք ունեցել, այնպես որ նման ինֆորմացիա չունեմ, եթե լինի, առաջինը դուք կիմանաք»,-ասաց նա:

Հարցին, որ թեև փոխվել է լրատվական թողարկումների անունները, բայց բոլոր ժամանակներում ընդդիմությունը բողոքում է Հանրայինի լրատվական թողարկումից, Մարգարիտա Գրիգորյանը նշեց, որ դա գեղեցիկ շահարկում է, որն արվում է ճիշտ ժամանակին: Ըստ նրա՝ Հանրային հեռուստաընկերությունը, ինչպես բազմաթիվ այլ հեռուստաընկերություններ հանրային լինելով ունի իրեն հստակ ուղղությունները:

«Երբևէ որևէ պարագայում և որևէ երկրում չկա այդպիսի հանրային հեռուստաընկերություն, որը չներկայացնի այդ օրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը: Հանրայինը մնում է պետական պաշտոնական հաղորդագրության կրողը»,-ասաց նա՝ թեև համաձայնվելով, որ մենեջմենթի առումով Հանրային հեռուստառադիոընկերությունը բարելավվել է:

Ըստ Գրիգորյանի՝ ընդդիմությունը միշտ կարող է դժգոհել, բայց այլ կարևոր հարց էլ կա. «Իսկ ինչպե՞ս անենք, որ ընդդիմությունից մեզ մոտ հյուր լինեն եթերում, օրերով խնդրում ենք, բայց մի շարք հաղորդումներ մնում են հենց այդպես, որովհետև կողմ չենք ունենում»,-ասաց նա: Դիտարկմանը, որ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն էլ էր բողոքում եթեր չտրամադրելու վերաբերյալ, Մարգարիտա Գրիգորյանն ասաց, որ իրենք պատգամավորին մի քանի անգամ հրավիրել են «Խաղի կանոններ» հաղորդմանը, որից հրաժարվել է, ընդ որում՝ նա ևս հեղինակել է դեբատների հաղորդում:

Գրիգորյանը հավելեց՝ Աշոտյանը ցանկություն է հայտնել լինել հարցազրույցի ֆորմատում, չեն հրավիրել, քանի որ մեկ հաղորդում ունեն և մյուսի ավելացման դեպքում արդեն կհրավիրեն: