Իտալիայում մաֆիայի հետ կապերի համար դատապարտված տղամարդը պատանդ է վերցրել փոստի աշխատակիցներին

20:38 • 05.11.18

Իտալիայում մաֆիայի հետ կապերի համար 19 տարվա ազատազրկման դատապարտված տղամարդը պատանդ է վերցրել Ռեջիո Էմիլիա քաղաքի փոստային բաժանմունքի աշխատակիցներին:

Ինչպես հաղորդում է ANSA գործակալությունը, դանակով զինված տղամարդն ազատ է արձակել փոստի բոլոր հաճախորդներին և պատանդ է վերցրել հինգ աշխատակցի:

Վերջին տեղեկություններով՝ պատանդներից մի կին դուրս է եկել փոստային բաժանմունքի շենքից: Հանցագործը նշել է իր անունը՝ Ֆրանչեսկո Ամատո, և այժմ հանդիպում է պահանջում երկրի ներքին գործերի նախարար և փոխվարչապետ Մատեո Սալվինիի հետ:

Հայտնի է, որ Ամատոն «Նդրանգետա» իտալական կազմակերպված հանցավոր խմբավորման հետ կապերի վերաբերյալ «Աէմիլիա» խոշոր գործընթացի մասնակից էր: Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության հատուկ ստորաբաժանումները: Իրավապահները բանակցություններ են վարում Ամատոյի հետ:

Իտալիայում մաֆիայի հետ կապերի համար դատապարտված տղամարդը պատանդ է վերցրել փոստի աշխատակիցներին