Իմ սկզբունքային մոտեցումն է՝ Հայաստանը պետք է շարունակի ՀԱՊԿ-ում իր պաշտոնավարումը, այս փուլում մեր հերթն է․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

15:59 • 06.11.18

Եկեք երկու օր սպասենք, որովհետև կարող են լինել որոշակի քաղաքական պայմանավորվածություններ, որոնց մասին ես ուղղակի տեղյակ չեմ: Բայց կարծում եմ՝ ես մեկ անգամ արտահայտվել եմ՝ իմ սկզբունքային մոտեցումն այն է, որ Հայաստանը պետք է շարունակի ՀԱՊԿ-ում իր պաշտոնավարումը:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե հօգուտ ՀՀ-ի որոշում կկայացվի՞, Դավիթ Տոնոյանը պատասխանեց․

«Ես այդպես չէի ձևակերպի՝ հօգուտ ինչ-որ մեկի: Կա նորմատիվ իրավակարգավորում ՀԱՊԿ-ում, պետք է որոշում կայացվի երկրի ղեկավարների կողմից: Այս փուլում մեր հերթն է»: Նա հիշեցրեց, որ մինչև 2020 թ-ն առաջադրելու իրավունքը Հայաստանին է։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվելու է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ տեղյակ չէ։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից. նրա պարտականությունները ժամանակավորապես դրվել են նրա տեղակալի վրա: Նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել գրավը:

Խոսելով Ադրբեջանի առաջարկի մասին՝ ռազմագերիներին փոխանակելու մասով, նա ասաց, որ Ադրբեջանի կողմից պաշտոնապես նման առաջարկ չի եղել, բացի այդ ՀՀ-ում ռազմագերիներ չկան։

«Արցախում դատապարտված ադրբեջանցի քաղաքացիները դատապարտված են հանցագործության համար: Հայաստանում և Արցախում ռազմագերիներ չկան»,-շեշտեց նա։ Դավիթ Տոնոյանը նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը կառուցողական գործում է, բայց ինքն ու Ալիևը այդ ձևաչափով չեն շփվում։