ՔՊ-ի ընտրացուցակով առաջադրվելու եմ Շիրակի մարզն ընդգրկող ընտրատարածքից, կուսակցական չեմ դառնալու. Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ)

14:43 • 06.11.18

Երբ լուրերը տարածվում են, ուրեմն մի բան կա էլի, որ տարածվում են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների ետ ճեպազրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով իր՝ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հրապարակումներին։

Նա տեղեկացրեց, որ առաջադրվելու է Շիրակի մարզն ընդգրկող ընտրատարածքից։ Ֆելիքս Ցոլակյանը նաև վստահեցրեց, որ ՔՊ-ին չի անդամագրվելու, այսինքն՝ կուսակցական չի դառնալու։ Ֆելիքս Ցոլակյանը հիշեցրեց, որ նախկինում էլ իշխանության մաս է կազմել, բայց կուսակցական չի դարձել:

Հարցին, թե հաստատում է ՔՊ անդամների այն հայտարարությունները, թե ցուցակում ընդգրկվում են հենց սկզբից հեղափոխությանը աջակցած անձինք, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Ես հաստատելու բան չունեմ, ես որևէ մեկին աջակցելու խնդիր չեմ ունեցել: Իմ աջակցությունը կայացել է՝ վարչապետի ընտրությունների ժամանակ Ազգային ժողովում իմ վերաբերմունքը ցույց տալով: Ես ճանապարհ չեմ փակել, չեմ քայլել, բայց իմ վերաբերմունքն արտահայտել եմ ընտրությունների ժամանակ»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ինքը համարվում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ անձանցից մեկը, Ցոլակյանը պատասխանեց. «Երբևիցե որևէ մեկի հետ մտերիմ չեմ եղել, պետական ծառայող եմ եղել, որևէ անձնական հարաբերություններ որևէ մեկի հետ չեմ ունեցել սկսած ԽՍՀՄ ժամանակներից»,-նկատեց նա։

Ֆելիքս Ցոլակյանը նաև ընդգծեց, որ երբեք կոռուպցիոն գործարքների մեջ չի եղել։