Գերմանիայում դատարանի զուգարանում մահացած վկային հայտնաբերել են միայն երեք օր անց

21:33 • 06.11.18

Գերմանական Քիլ քաղաքի շրջանային դատարանի զուգարաններից մեկում հայտնաբերվել է 70-ամյա տղամարդու դի, որը պետք է հանդես գար որպես վկա: Ինչպես հաղորդում է Bild-ը՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրին, տղամարդու դին հայտնաբերվել է դատական նիստից երեք օր անց:

Նշվում է, որ տղամարդը պետք է վկայություն տար շինծու ավտովթարների վերաբերյալ դատական գործընթացի ժամանակ, սակայն նիստը հետաձգվել է: Պարբերականն ընդգծում է, որ նախկինում կոյուղու հետ կապված խնդիրների պատճառով դատարանի շենքի զուգարանները հաճախ էին փակվում, և փակ դուռ հայտնաբերելով՝ աշխատակիցներն անակնկալի չեն եկել:

Նշվում է, որ անգամ մաքրության համար պատասխանատու աշխատակիցները երեք օր չեն ստուգել տվյալ զուգարանը, քանի որ ենթադրել են, որ այն անսարք է: Արդյունքում՝ անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են տղամարդու դին միայն երեք օր անց՝ նոյեմբերի 1-ին ժամը 13:15-ի սահմաններում:

Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ վկայի մահվան պատճառը սրտի նոպան է եղել: Դատարանի փոխնախագահ Բեատե Ֆլատովը միջադեպը որակել է որպես «հանգամանքների անհաջող շղթա»՝ նշելով, որ նման դեպքերից խուսափելու համար իրենք արդեն քայլեր են ձեռնարկել, և այսուհետ ամեն օր երեկոյան՝ 22:00-ին, բոլոր հանրային զուգարանները կստուգվեն: