Բրուքլինում ընտրական հանձնաժողովի աշխատակիցները մեկուկես ժամ չէին կարողանում բացել ընտրատեղամասի դուռը

21:02 • 06.11.18

Նյու Յորքի Բրուքլին թաղամասի ընտրողներն այսօր մեկուկես ժամ չեն կարողացել մտնել ընտրատեղամաս, քանի որ ընտրական հանձնաժողովի աշխատակիցները չէին կարողանում բացել այն:

Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Նյու Յորքի՝ ընտրությունների հարցով խորհրդի ներկայացուցիչ Վալերի Վասկեսին, ընտրատեղամասը, որը գտնվում է շինարարական հարցերով քաղաքային վարչության շենքում, պետք է բացվեր առավոտյան՝ ժամը 06:00-ին (երևանյան ժամանակով ժամը 15:00-ին), սակայն ընտրական հանձնաժողովի աշխատակիցները մեկուկես ժամ չէին կարողանում թվային կողպեքի միջոցով բացել հաստատության դուռը:

Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը սակայն չի մանրամասնել, թե քանի ընտրող է ստիպված եղել սպասել ընտրատեղամասի մոտ՝ քվեարկելու համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին անցկացվում են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ: Դրանք միջանկյալ են կոչվում, քանի որ անցկացվում են նախագահական ժամկետի կեսերին: Կընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 պատգամավորները, 100 սենատորներից 35-ը, ինչպես նաև 39 նահանգի ու տարածքի նահանգապետեր:

Առաջին ընտրատեղամասերը բացվել են 05:00-ին (երևանյան ժամանակով ժամը 14:00-ին) Վերմոնտ նահանգում, ժամը 15։00-ին քվեարկությունը սկսվել է Նյու Յորքում, իսկ կավարտվի այն Հավայի նահանգում ընտրատեղամասերի փակմամբ՝ երևանյան ժամանակով նոյեմբերի 7-ին առավոտյան ժամը 08:00-ին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Միջանկյալ ընտրությունների առանցքային հարցն այն է՝ արդյոք Դոնալդ Թրամփի կուսակիցներ հանրապետականներին կհաջողվի տեղերի մեծամասնությունը ստանալ թե՛ Սենատում, թե՛ Ներկայացուցիչների պալատում և օրենսդիր իշխանության երկու օղակներն իրենց վերահսկողության տակ պահել: Մինչդեռ դեմոկրատների նպատակն է մեծամասնություն կազմել Կոնգրեսի երկու պալատներում էլ ու այդպիսով նախագահ Թրամփի ծրագրերը, որոշումներն արգելափակելու հնարավորություն ստանալ: