Իսրայելը պատրաստ է գրոհել Սիրիայում ռուսական С-300 համակարգերը. իսրայելցի նախարար

12:01 • 06.11.18

Իսրայելը պատրաստ է գրոհել Սիրիայում տեղակայված ռուսական С-300 հակաօդային պաշտպանության համակարգերը, եթե դրանք հարվածեն իսրայելական թիրախներին:

Ինչպես նշում է ria.ru-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի շրջակա միջավայրի պաշտպանության ու մշակութային ժառանգության, Երուսաղեմի հարցերով նախարար, ռուս-իսրայելական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Զեև Էլկինը:

Պաշտոնյան Սիրիայում ռուսական համակարգերի տեղակայումը «մեծ սխալ» է որակել:

«Սիրիացի զինվորականները միշտ չէ, որ կարողանում են իրենց ձեռքում հայտնված տեխնիկան ճիշտ օգտագործել»,-ասել է նա:

Էլկինի խոսքով՝ С-300-ի գործողության շառավիղը մեծ է ու ծածկում է Իսրայելի ամբողջ տարածքը:

«Այնպես որ սիրիացիները ցանկության դեպքում կարող են Իսրայելի օդային տարածքում գտնվող ռազմական կամ նույնիսկ քաղաքացիական ինքնաթիռ կործանելու փորձ ձեռնարկել»,-չի բացառել Էլկինը:

Պաշտոնյան ընդգծել է, որ Իսրայելը նման հարձակումներին արձագանքում է ոչ թե քաղաքական դեմարշներով, այլ պրակտիկ գործողություններով, ինչն էլ տեղի կունենա հավանական հարձակումից հետո:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ում դեմ է գործելու Իսրայելը С-300-ով իսրայելական թիրախների դեմ հարձակման դեպքում, Էլկինն ասել է. «Այն համակարգերի, որոնցից կիրականացվի Իսրայելի տարածքների կամ մեր երկրին պատկանող ինքնաթիռների դեմ հարձակումը: Լիահույս եմ, որ այնտեղ ռուս մասնագետներ չեն լինի»: