Ինդոնեզիայում ուղևորները հրաժարվել են թռչել դուրիան տեղափոխող օդանավով

15:41 • 07.11.18

Ինդոնեզիայում Sriwijaya Air ավիաընկերության չվերթը հետաձգվել է՝ ուղևորների բողոքի պատճառով, որոնք բողոքել են օդանավում առկա վատ հոտից, հայտնում է Jakarta Post-ը:


Թերթի տվյալների համաձայն՝ ուղևորները, օդանավի սրահում տարածված վատ հոտն առնելով, սկսել են վիճել անձնակազմի հետ՝ իրենց դժգոհությունը հայտնելով: Ինչպես պարզվել է ավելի ուշ, հոտը տարածվել է ուղեբեռային հատվածում գտնվող դուրիան վատ հոտով մրգի խմբաքանակից:


Ավիաընկերությունը որոշում է կայացրել դուրս բերել օդանավից վատ բուրող բեռը, ինչից հետո օդանավը մեկ ժամ ուշացումով կարողացել է թռչել նշանակետ:


Sriwijaya Air-ի ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունն այդ միրգը տեղափոխելու իրավունք ունեցել է, սակայն միայն այն դեպքում, եթե բեռը պատշաճ ձևով փաթեթավորված լիներ:


Դուրիանն արևադարձային միրգ է, որը տարածված է Հարավարևելյան Ասիայում: Իր վատ հոտի պատճառով տարածաշրջանի մի շարք երկրներում արգելված է այն տեղափոխել հանրային տրանսպորտով: