Մարսելում վթարային շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի (տեսանյութ)
Ֆրանսիայի Մարսել քաղաքում երկուշաբթի տեղի ունեցած վթարային շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի:
Քաղաքի դատախազ Քսավյե Թարաբյոն երեքշաբթի հայտնել էր, որ փլատակների տակ կարող է դեռ 5-8 մարդ գտնվել:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցի, փրկարարներն այսօր առավոտյան փլատակների տակից դուրս են բերել 5-րդ զոհի մարմինը: Ավելի վաղ հաղորդվել էր 2 կնոջ և 2 տղամարդու մարմինների հայտնաբերման մասին:
Իտալիայի արտգործնախարարությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ անհայտ կորածների թվում կա Իտալիայի քաղաքացուհի:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Մարսելի կենտրոնական թաղամասերից մեկում փլուզված երկու վթարային շենքերից մեկում փլուզման պահին եղել է 12 մարդ: Մյուս շենքի բնակիչներն ավելի վաղ տարհանված են եղել, սակայն իրավապահները չեն բացառում, որ փլուզման ժամանակ այնտեղ կարող են անօթևաններ ապաստանած լինել:










