Հնդկաստանում տղամարդը, փախչելով կատաղած ցլից, կորցրել է ձեռքը
Հնդկաստանում Ռաուֆ անունով տղամարդը, փախչելով կատաղած ցլից, կորցրել է ձեռքը:
Ինչպես գրում է Kompas.com-ը, ծառահատում անող տղամարդը կարմիր հագուստ է կրել, ինչի հետևանքով էլ գրավել է ցլի ուշադրությունը: Կենդանին սկսել է հետապնդել Ռաուֆին, վերջինս փախուստի փորձի ժամանակ սայթաքել ու պատահմամբ փայտահատման սարքով կտրել է իր ձեռքը:
Բարեբախտաբար, նրան ժամանակին օգնության են հասել փայտամշակման ձեռնարկության աշխատակիցները, որոնք մոտակայքում էին: Նրանք շտապ կանգնեցրել են արյունահոսությունն ու Ռաուֆի կտրված ձեռքը դրել սառույցով լի պարկի մեջ:
Հիվանդանոցի բժիշկը ձեռքը Ռաուֆին «վերադարձնելու» համար ստիպված է եղել երկու ծանր վիրահատություն անցկացնել՝ ընդհանուր 12 ժամ տևողությամբ: Առաջին վիրահատության ժամանակ նա միացրել է ոսկորներն ու արյունատար անոթները, երկրորդ վիրահատության ընթացքում միացվել են մկաններն ու նյարդային վերջույթները:
Մասնագետների կարծիքով՝ բժիշկներին հաջողվել է վերականգնել ձեռքի գործառույթների շուրջ 90 տոկոսը: Ակնհայտ է, որ դեպքի վայրում գտնվողների արագ կողմնորոշվելը մեծ դեր է խաղացել պատմության հաջող ավարտի համար: Ռաուֆին, սակայն, կպահանջվի մոտ 3 ամիս վերականգնողական շրջան անցնելու համար:










