ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ Կոնգրեսը կունենա մահմեդական կին անդամներ (լուսանկարներ)
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում երկրի պատմության մեջ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատը կունենա մահմեդական կին անդամներ, այս մասին հաղորդում է CNN-ը:
Դեմոկրատական կուսակցությունից Ռաշիդա Թլայիբն ու Իլհան Օմարը ներկայացնելու են Միչիգան և Մինեսոտա նահանգները:
Հայտնի է, որ 42-ամյա Ռաշիդա Թլայիբը ծնվել է Դետրոյթ քաղաքում՝ պաղեստինցի ներգաղթյալների ընտանիքում: Նա ընտանիքի 14 երեխաներից ավագն է: Սոցիալական ապահովության մասնագետ դարձած գործիչը շատերի մոտ տպավորվել է աշխատավոր դասակարգի իրավունքների ակտիվ պաշտպանությամբ:
Թլայիբն աչքի է ընկել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ սուր քննադատություններով և երկու տարի առաջ անգամ ձերբակալվել է՝ Դետրոյթում նախագահի ելույթը խափանելու փորձի համար:
Իսկ ծնունդով Սոմալիից Իլհան Օմարը կդառնա ոչ միայն Կոնգրեսի առաջին մահմեդական կին անդամներից մեկը, այլև գլխաշոր կրող առաջին անդամը: Օմարն ԱՄՆ-ում է հայտնվել շուրջ երկու տասնամյակ առաջ:
Հատկանշական է, որ Թրամփի՝ նախագահ ընտրվելուց կարճ ժամանակ անց ստորագրած միգրացիոն հրամանագիրը վերաբերում էր նաև Օմարի հայրենիք Սոմալիին, որի քաղաքացիների մուտքն ԱՄՆ էականորեն բարդացել է: Թրամփն իր ելույթներից մեկի ժամանակ նաև խոսել էր հենց Մինեսոտայի սոմալիական համայնքի մասին՝ այն ներկայացնելով որպես երկրի անվտանգությանը սպառնացող գաղթօջախ:












