«Ռուսաստանը չի միջամտել, չի միջամտում և չի պատրաստվում միջամտել աշխարհի և ոչ մի երկրի ընտրություններին». Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, նախազգուշացրել է «ռուսական միջամտության» մասին միֆի հերթական փուլի տարածման մասին, գրում է life.ru-ն:
«Ի հակառակ այն ֆոբիաների, որ գոյություն ունեն ԱՄՆ-ում, Ռուսաստանը չի միջամտել, չի միջամտում և չի պատրաստվում միջամտել աշխարհի և ոչ մի երկրի՝ այդ թվում ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Միացյալ Նահանգներում նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Սենատում առաջատար են Հանրապետական կուսակցության անդամները՝ 51 տեղ, իսկ Դեմոկրատական կուսակցության անդամները ստացել են 45 տեղ: Ներկայացուցիչների պալատում, սակայն, առաջատար են դեմոկրատները՝ 219, իսկ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցները՝ 193 տեղ, հայտնում է The Guardian-ը:
CNN հեռուստաալիքի գնահատականների համաձայն՝ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կստանան 238 տեղ, իսկ նրանց մրցակիցները՝ 197 տեղ:










