Թրամփը Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքները «հրաշալի հաջողություն» է անվանել

09:59 • 07.11.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային ելույթ չի ունենա Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների պաշտոնական արդյունքների հայտարարումից հետո, այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:

Նախագահի նման որոշման պատճառները չեն նշվել:

Թրամփը Twitter-ի իր էջում արդեն մեկնաբանել է անցած ընտրությունները: Ըստ ԱՄՆ նախագահի՝ դրանք գրանցել են «հրաշալի արդյունք»:

«Հրաշալի հաջողություն այսօր երեկոյան: Շնորհակալություն բոլորին», - գրել է Թրամփը:

Նշենք, որ նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Սենատում առաջատար են Հանրապետական կուսակցության անդամները: Ներկայացուցիչների պալատում, սակայն, առաջատար են դեմոկրատները: 


CNN հեռուստաալիքի գնահատականների համաձայն՝ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կստանան 238 տեղ, իսկ նրանց մրցակիցները՝ 197 տեղ:


Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը կանխատեսել էր, որ դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում: Նշվում էր, որ եթե նման բան տեղի ունենա, ապա դեմոկրատներն ութ տարվա մեջ առաջին անգամ մեծամասնություն կունենան Ներկայացուցիչների պալատում: Այդ դեպքում, ըստ Fox News-ի, դեմոկրատները կարող են նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթաց նախաձեռնել: