Գազի սակագնի շուրջ բանակցությունները գնում են դեպի սակագնի նվազեցում. Գ. Բաղրամյան
Գազի սակագնի շուրջ բանակցությունները, բնականաբար, գնում են դեպի նվազեցման կողմը: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանը բանակցություններ է վարում «Գազպրոմ» ընկերության և ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:
«Գազի սակագնի հետ կապված այս պահին բանակցություններն ընթանում են և՛ սահմանին գազի գնի ձևավորման, և՛ ներքին կառուցվածքի հետ կապված: Որպեսզի չվնասենք բանակցությունների ընթացքին, դեռևս չեմ ուզում որևիցե բան ասել»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
Գարեգին Բաղրամյանը նաև անդրադարձավ իր մասին մամուլի այն հրապարակմանը, որ ՀԾԿՀ նախագահը և էներգետիկայի նախարարն ամեն ինչ անում են, որ բնակչությանը գազի խմ-ը 100 դրամով վաճառելու մեխանիզմը չհասնի վարչապետին:
«Անհեթեթություն է, թե կան մեխանիզմներ, որոնք ուզում են ներկայացնել վարչապետին, իսկ մենք խոչընդոտում ենք: Եթե կա նման մարդ, որն ունի մեխանիզմներ, հաշվարկներ, ես պատրաստ եմ հենց վաղը բոլորի մասնակցությամբ իրեն ընդունել, լսել, քննարկել բոլոր հաշվարկները»,- նշեց նա:










