Թրամփի հետ թեժ վեճից հետո CNN-ի առաջատար լրագրողին արգելվել է Սպիտակ տուն մտնել (տեսանյութ)

11:32 • 08.11.18

Ամերիկյան CNN հեռուստաալիքի առաջատար լրագրողներից մեկը՝ Ջիմ Ակոստան, զրկվել է նախագահական նստավայր՝ Սպիտակ տուն, մուտք գործելու իրավունքից, ինչը տեղի է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ թեժ լեզվակռվից հետո:

Ինչպես նշում է The Guardian-ը, միջադեպը տեղի է ունեցել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքների վերաբերյալ Թրամփի մամուլի ասուլիսի ժամանակ: Հայտնի է, որ նախագահը հրաժարվել է պատասխանել Ակոստայի հարցերին՝ անընդհատ պահանջելով, որ նա նստի տեղն ու բարձրախոսը մյուս լրագրողին փոխանցի:

Սակայն CNN-ի ներկայացուցիչը համառել է՝ թույլ չտալով Սպիտակ տան աշխատակցուհուն իր ձեռքից վերցնել բարձրախոսը: Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսն Ակոստային մեղադրել է «ձեռքը Սպիտակ տան աշխատակցուհու վրա դնելու» համար:

«Հենց նոր Գաղտնի ծառայության աշխատակիցն ինձ տեղեկացրեց, որ իմ մուտքը Սպիտակ տուն արգելված է»,-թվիթերյան էջում գրել է Ակոստան: Այնուհետև նա տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է աշխատակիցը ձեռքից վերցնում անցաթուղթը:

Ավելի ուշ Ակոստան CNN-ի եթերից հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները փորձում են լռեցնել իրեն և առհասարակ CNN-ին, որը Թրամփի ու նրա վարչակազմի ամենասուր քննադատներից է: