Չեխիայում ցանկանում են արգելել կրկեսներում վայրի կենդանիների մասնակցությամբ ելույթները
Չեխիայի գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է ամբողջովին արգելել երկրի կրկեսներում վայրի կենդանիների մասնակցությամբ ելույթները, հաղորդում է euro-pulse.ru-ն:
Այժմ երկրում արգելված է կրկեսային ծրագրերում ներառել մի շարք կենդանիների՝ ընձուղտի, կապիկների ձագերի, գետաձիերի: Նոր արգելքը, սակայն, կտարածվի բոլոր վայրի կենդանիների վրա: Կրկեսում կարելի կլինի համարներ բեմադրել ձիերի, լամաների, ուղտերի մասնակցությամբ:
Հայտնի է, որ ներկայում Չեխիայում գործում է 12 կրկես, որոնց ծրագրերում ներառված են վայրի կենդանիների մասնակցությամբ ելույթներ: Այս հաստատությունների ղեկավարներն իշխանությունների նման առաջարկն այդքան էլ չեն ողջունել. նրանք պնդում են, որ կրկեսներում պարբերաբար անցկացվում են համապատասխան ստուգումներ, որոնք հաստատում են, որ կենդանիները պահվում են լավ պայմաններում:
Ոմանք նաև մտահոգված են, որ եթե կենդանիներին տանեն կրկեսից, նրանք ապաստանի վայր չեն ունենա: Առայժմ նախատեսվում է, որ կենդանիները կտեղափոխվեն հատուկ կենտրոններ, սակայն պայմաններն այնտեղ բնականից տարբերվում են:
Միևնույն ժամանակ, կենդանիների պաշտպանները կարծում են, որ կրկեսներում կենդանիներին բռնի աշխատեցնելու արգելքը բավարար չէ և հարկավոր է առհասարակ արգելել կենդանիների մասնակցությամբ կրկեսային ելույթները:










