Լոնդոնի շքեղ հանրախանութում 21 մլն դոլար ծախսած ադրբեջանուհին ազատ է արձակվել կես միլիոն ֆունտ ստերլինգ գրավի դիմաց

12:28 • 09.11.18

Ադրբեջանցի բանկիրի 55-ամյա կինը՝ Զամիրա Հաջիևան, որը 2006-ից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում 21 միլիոն դոլար է ծախսել Լոնդոնի «Հարոդս» (Harrods) շքեղ հանրախանութում, 9 օր Քննչական մեկուսարանում անցկացնելուց հետո գրավի դիմաց ազատ է արձակվել:

Ինչպես նշում է The Guardian-ը, Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահ Ջահանգիր Գաջիևի կինն ազատ է արձակվել 500.000 ֆունտ ստերլինգ գրավի դիմաց:

Նշվում է, որ կինն ապրելու է Լոնդոնի իր տանն՝ առանց քաղաքը լքելու իրավունքի: Բացի այդ, նա պարտավոր է ամեն օր ոստիկանական բաժանմունք ներկայանալ:

Հայտնի է, որ 55-ամյա Գաջիևան Լոնդոնի իրավապահների կողմից ձերբակալվել էր նախորդ շաբաթ: Ձերբակալումը տեղի էր ունեցել Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով:

Կինը մեղադրվում է միջոցների յուրացման համար:Սակայն նա պնդում է, որ ունեցած բոլոր միջոցները ձեռք է բերել օրինական ճանապարհով: Նա դիմել է  դատարան՝ խնդրելով դադարեցնել Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության հետաքննությունը:

Գաջիևայի  բողոքարկումը քննարկվելու է նոյեմբերի 9-ին՝ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի կողմից:

Աղբյուրը նշում է, որ այժմ Գաջիևան պետք է բացատրի՝ ինչ միջոցներով է ձեռք բերել հանրախանութում ծախսած 21 մլն դոլարը: