ՀԿ-ների օրենքում փոփոխությունների նախագիծը անընդունելի է, նման առաջարկ նախկին կառավարությունն էլ էր արել. Դանիել Իոաննիսյան
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկմանն է ներկայացվել «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում նախագծի փոփոխություններն անընդունելի համարեց: «Նման առաջարկ դեռևս նախկին կառավարությունն էր արել` երկու տարի առաջ, այն ժամանակ մենք պայքարեցինք և հաջողվեց փոխել այն և ի վերջո օրենքում տեղ գտավ կարգավորում, որ հաշվետվողականությունը վերաբերելու է միայն այն կազմակերպություններին, որոնք պետությունից դրամաշնորհ են ստանում»,-ասաց նա:
ՀԿ նախագահը մտահոգիչ համարեց, որ պետական եկամուտների կոմիտեն նորից առաջարկում է այդ փոփոխությունները: «Միգուցե սա պայմանավորված է նրանով, որ ՀԿ-ները հիմա իրավունք են ստացել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել և գուցե որոշ բիզնեսմեններ հկ-ների միջոցով կարողանում են հարկերից խուսափել և սա դրա դեմ է է արվում, բայց այդ դեպքում մենք առաջարկելու ենք, որ այս փոփոխությունը վերաբերի միայն այն ՀԿ-ներին, որոնք զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ»,-ասաց նա և նշեց, որ դա ընդունելի տարբերակ կլինի, իսկ այս տարբերակն իրենց համար անընդունելի է:
Հարցին, թե այս նախագծի դեմ նույն եռանդով պայքարելո՞ւ են, ինչպես նախկին իշխանությունների դեմ են պայքարել, Դանիել Իոաննիսյանը դրական պատասխան տվեց և հույս հայտնեց, որ կառավարությունը արագ կըմբռնի, թե ինչումն է խնդրի էությունը և համատեղ կկարողանան գտնել լուծումներ, որ և՛ ՊԵԿ մտահոգությունները ծածկվեն, և՛ ՀԿ-ների համար խնդիրներ չստեղծվեն:
Դիտարկմանը, թե ՀԿ-ների դաշտում ամեն դեպքում անվերահսկելության խնդիր չեք տեսնո՞ւմ, նա իրենց ՀԿ-ի օրինակով ասաց, որ իրենց ստացած բոլոր դրամաշնորհների տարեկան հաշվետվության մեջ ներառվում է, թե ինչ միջոցառումներ են արել, ինչ գումարներ են ստացել: «Բայց շատ դեպքերում որոշակի առումով խնդիր կա և նման իրավակարգավորումները խնդրահարույց են հատկապես փոքր հկ-ների համար: Նրանց համար գործնականում շատ դժվար է դա իրականացնել, քանի որ նրանք սովորաբար առանձին հաշվապահ չեն ունենում և նրանց համար սա շատ խնդրահարույց է»,-ասաց նա:
Դանիել Իոաննիսյանը, ամեն դեպքում, մտահոգիչ համարեց, որ այս նախաձեռնության մասին իմացել է www.e-draft.am կայքից, և հկ-ների հետ քննարկումներ չեն կազմակերպվել:
Ներկայացնում ենք նախատեսված փոփոխությունները:
Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ սահմանել բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Առաջարկվում է գույքի ստացման աղբյուրի հատվածը բաղդատել հրապարակային և ոչ հրապարակային հատվածների: Հաշվետվության հրապարակային հատվածը կներառի ֆինանսավորող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումները, իրավաբանական անձանց անվանումները, ռեզիդենտությունը և կազմակերպական-իրավական ձևը և ֆիզիկական անձանց խումբը՝ ըստ իրականացրած մուտքերի չափերի: Հաշվետվության ոչ հրապարակային հատվածը կներառի ֆիզիկական անձի անունը, ազգանունը և ֆինանսավորման չափը, առկայության դեպքում նաև՝ անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը և այլն, որոնց մշակումը, երրորդ անձանց փոխանցումը և օգտագործումը կիրականացվի վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից: Նախատեսվում է նաև, որ կայքում հրապարակվող հաշվետվության մեջ գույքի ստացման աղբյուրին վերաբերող անձնական տվյալները կարող են ներառվել բացառապես հաշետվությունը հրապարակող կազմակերպության հայեցողությամբ՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Կազմակերպության հաշվետվությունը ներառում է տարեկան մուտքերի (դրամական և գույքային) ընդհանուր գումարը և ստացման աղբյուրը: Օրենքն ինքնին չի բացահայտում «աղբյուրներ» եզրույթում ներառվող տեղեկությունների շրջանակը և նման կարգավորումը ստեղծում է անորոշություն ֆիզիկական անձի կողմից իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքի և ըստ այդմ իր գործողությունները կանխորոշելու հնարավորության համատեքստում, հաշվի առնելով, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը, համարվում է անձնական տվյալ և պաշտպանվում է նույն օրենքով: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքն ուղղակիորեն չի նախատեսում անձնական տվյալների մշակում, հետևաբար Օրենքի շրջանակներում վերահսկողական գործառույթների նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հստակեցնել Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի «աղբյուրներ» հասկացությունը՝ սահմանելով հրապարակվող տեղեկությունների շրջանակը, ինչպես նաև ներառել անձնական տվյալներ, սակայն որոնք կհամարվեն ոչ հրապարակային՝ չեն հրապարակվի հաշվետվությունում և կմշակվեն բացառապես վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից:
Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ կազմակերպությունը հաշվետվությունում ներկայացնում է անդամների և կամավորների թիվը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ, ինչի արդյունքում ներկայացվում է առնվազն մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկատվություն և կորցնում է արդիականությունը: Առաջարկվում է նշված տեղեկատվությունը ներկայացնել հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ:
Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հաշվետվությունը ներառում է անդամների, ինչպես նաև կամավորների թիվը (հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ), այդ թվում` նշում Կազմակերպության միջոցներից հաշվետու տարվա ընթացքում օգտվելու մասին: Առաջարկվում է սահմանել կազմակերպության դրամական միջոցներից օգտվելու դեպքում տեղեկություն հրապարակելու պահանջ, ինչպես նաև հստակեցնել այդ միջոցներից օգտվողների շրջանակը՝ ներառելով կազմակերպության անդամներին, կառավարման մարմիններում և աշխատակազմում ընդգրկված անձանց և կամավորներին:










