ՀՀ-ը, օգտվելով վետոյի իր իրավունքից, պիտի տապալի ՀԱՊԿ-ում Բելառուսի ներկայացուցչի ընտրվելը, դա ցույց կտա նրա սկզբունքայնությունը․ Լեոնիդ Ներսիսյան

21:09 • 09.11.18

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի խոսքով՝ լավ կլինի, որ Հայաստանը չհամաձայնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի ընտրվելուն: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ ամենայն հավանականությամբ Հայաստանն այդպես էլ կանի՝ տարիուկես վետոյի իր իրավունքից օգտվելով, կտապալի Բելառուսի ներկայացուցչի ընտրվելը: Դա, ըստ ռազմական փորձագետի, ցույց կտա Հայաստանի սկզբունքայնությունը: 

-Պարո՛ն Ներսիսյան, երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովում այդպես էլ չորոշվեց, թե ով  է լինելու կառույցի գլխավոր քարտուղարը: Բայց, կարծես թե, Ղազախստանի նախագահ Նազարբաևը հստակություն մտցրեց քննարկումներում՝ ասելով, որ ՀԱՊԿ անդամ երկրները կողմ չեն, որ Հայաստանի ներկայացուցիչը պաշտոնը զբաղեցնի, համաձայնություն կա Բելառուսի թեկնածուի շուրջ: Ի՞նչ եք կարծում՝  ինչու է նման իրավիճակ ստեղծվել, արդյո՞ք պատճառը Հայաստանի՝ Խաչատուրովի դեմ գործ հարուցելն էր:

- Ստեղծված իրավիճակն առաջին հերթին կապված է նրա հետ, որ կազմակերպության կանոնադրությունում չկա հստակ գրված, թե ինչ մեխանիզմներով կարելի է փոխել գլխավոր քարտուղարին, ցանկացած պատճառով՝ կլինի հետկանչը, մահը, թե այլ բան: Իրականում դա շատ մեծ բացթողում է, և դրա մասին կանոնադրությունում ոչինչ չկա: Դա էլ առաջացնում է կարծիքների բախում, և միանգամայն սպասելի էր, որ Բելառուսը Ղազախստանի հետ փորձելու է Հայաստանին խանգարել: Դա եղավ նաև Խաչատուրովին նշանակելու ժամանակ, այնպես որ առաջին անգամը չէ, որ նման բան է լինում: Փաստացի Բելառուսն ու Ղազախստանն ավելի լավ քաղաքական հարաբերություններ ունեն Ադրբեջանի, քան Հայաստանի հետ, և այդ պատճառով նրանք առանձնապես չեն ցանկանում, որ Հայաստանն իր դիրքերն ամրապնդի ՀԱՊԿ-ում:

-Այսինքն՝ այստեղ խնդիրը քաղաքական է, սրանով երկրները ցանկանում են իրենց վերաբերմունքն արտահայտել միմյանց նկատմամբ:

-ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն այնքան էլ մեծ հնարավորություններ չունի: Այն առավել շատ ունի դեկորատիվ բնույթ: Բայց ամեն դեպքում դա հեղինակություն է երկրի համար:

Ինձ թվում է, որ ամենահավանական տարբերակն  այն է, որ այս տարիուկես ժամանակի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քվեարկությունները պարզապես տապալվելու են: Ես Հայաստանի իշխանությունների փոխարեն չէի համաձայնի, որ Բելառուսի թեկնածուն ընտրվի: ՀԱՊԿ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այդ իսկ պատճառով, եթե Հայաստանն ամեն անգամ վետոյի իր իրավունքից օգտվի, գլխավոր քարտուղարը չի ընտրվի:

Կարծում եմ՝ դա ամենաճիշտ դիրքորոշումը կլինի Հայաստանի համար, որովհետև դա առաջին հերթին ցույց կտա, որ կա ինչ-որ սկզբունքային դիրքորոշում: Այդպես Հայաստանը չի զիջի Բելառուսին, որն իրականում Հայաստանին դաշնակից երկիր չէ:

-Եթե Հայաստանը Ձեր ասածի պես վարվի, չի՞ սրի իր հարաբերությունները ՀԱՊԿ անդամ երկրների հետ, թե, ինչպես ասում են, պետք է գիտակցենք, որ այդ երկրները հիմա էլ առանձնապես լավ հարաբերություններ մեզ հետ չունեն:

-Կարծում եմ՝ դա լուրջ քաղաքական փոփոխություններ չի առաջացնի: Հակառակը, կարծում եմ՝ դա ավելի ճիշտ կլինի: Ամեն դեպքում այդպես մենք մեր սկզբունքայնությունը ցույց կտանք որոշ հարցերի վերաբերյալ:

Չեմ կարծում, որ Մոսկվայում այդ հարցը լուրջ ռեակցիա առաջացնի: Մոսկվան այս ընթացքում բավականին հեռու է իրեն պահում, չի արտահայտվում, չեզոքություն է դրսևորում: Բելառուսի և Ղազախստանի հետ, իհարկե, Հայաստանն ունի հարաբերություններ, չի կարելի ասել, որ դրանք պարզապես սարսափելի են, բայց նրանց դաշնակիցներ համարելն էլ լուրջ չէր լինի:

Կարծում եմ՝ Հայաստանի՝ նման դիրքորոշում հայտնելու դեպքում շատ բան չի փոխվի: Պետք է պարզապես սեփական սկզբունքայնությունը ցույց տալ, հատկապես որ դրանով ՀԱՊԿ անդամ երկրներից ոչ մեկին վնաս չի հասցվելու:

-Դուք ասում եք, որ Ռուսաստանն ավելի չեզոք քաղաքականություն է վարում հարցի հետ կապված: Դա արտաքուստ է այդպես: Իսկ ներքու՞ստ: Կարծու՞մ եք՝ Ռուսաստանի մոտ անցել է «վիրավորանքը»․ Հայաստանն առանց հետկանչի  մեղադրանք էր առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ:

-Եթե անկեղծ, ապա Խաչատուրովի դեպքում Հայաստանը բավականին սխալ քաղաքականություն վարեց: Կարծում եմ՝ քրեական գործ պետք է հարուցվեր գոնե հետկանչից հետո:  Իհարկե, դա առաջացրել էր որոշակի լարվածություն Ռուսաստանում, բայց, կարծես թե, իրավիճակը հարթված է, և այլևս կոշտ հայտարարություններ չկան:  Ամռանը երկկողմանի հանդիպումներ եղան, կարծես թե, փոխըմբռնում ստեղծվեց միմյանց նկատմամբ:

Իսկ ինչ վերաբերում է այս հարցում Ռուսաստանի հետաքրքրություններին, ապա իմ կարծիքով՝ Մոսկվայի համար մեկ է, թե ով կլինի այնտեղ գլխավոր քարտուղար: Իսկ եթե լինի պաշտոնակատարը, ապա շատ ավելի լավ է նրա համար, քան որ հիմա պաշտոնակատարը ռուս է: Հետևաբար, ինչու՞ չզբաղեցնել գլխավոր քարտուղարի պաշտոնը հերթից դուրս:

-Ձեր կարծիքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դեկորատիվ բնույթ է կրում: Բայց դրա պահպանումը ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի համար:

-Ինչպես ասացի՝ այստեղ առավել շատ սկզբունքայնության հարց կա: Քաղաքական առումով էլ դա կարևոր է․ ցույց է տալիս, որ Հայաստանը չի զիջում Բելառուսին կամ Ղազախստանին ճնշումների արդյունքում: Ի վերջո, նրանք, մեղմ ասած, միշտ չէ, որ տարբեր հարցերում գործում են ի շահ Հայաստանի:

Բայց, իհարկե, երբ խոսում ենք հենց գլխավոր քարտուղարի նշանակության մասին, ապա պետք է նկատենք, որ նա երբեմն կարող է հրապարակային ավելի շատ մեղադրանքներով հանդես գալ, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի և հատկապես Հայաստանի և Ադրբեջանի սահմաններում լարվածություն լինելու պարագաներում:

Իսկ ինչ վերաբերում է հենց կառույցի հնարավորություններին, ապա դրանք այնքան էլ շատ չեն: Ավելի շատ դրանք վերաբերում են ռազմատեխնիկական համագործակցությանը, իսկ գլխավոր քարտուղարից ոչ մի բան կախված չէ:

-Պարո՛ն Ներսիսյան, այս ընթացքում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը հրավիրվել է մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին, Հայաստանը դեմ է եղել դրան: Ի՞նչ եք կարծում՝ որքանով է հավանական, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Դուք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի նշանակման գործընթացում ադրբեջանական հետքեր տեսնու՞մ եք:

-Այստեղ, իհարկե, ավելի շատ քաղաքական խաղ կա։ Ադրբեջանը դժվար թե ցանկանա ՀԱՊԿ անդամ լինել, և դա հնարավոր էլ չէ:  Հայաստանը դա թույլ չի տա: Դա, կարծում եմ, ակնհայտ է: Իսկ վերաբերում է այդ բամբասանքներին՝ Ադրբեջանի՝ գագաթնաժողովին մասնակցելու մասին, ապա պետք է նկատենք, որ դրանք հայտնվել են «Կոմերսանտ»-ում: Իսկ այդ թերթը Հայաստանում իշխանափոխությունից հետո  իրեն թույլ է տվել հրապարակել ոչ ճշգրիտ, հավատսի  տեղեկատվության հրապարակում: Կարծում եմ՝ Հայաստանի դեմ են աշխատում: Վստահ չեմ՝ դա պատվեր է, թե ոչ, բայց կա նման զգացողություն, երբ դիտարկում ես այնտեղ հրապարակվող Հայաստանին վերաբերող նյութերը:

-Այս օրերին նաև քննարկվում էր այն հարցը, որ Հայաստանն, ի վերջո, պետք է դուրս գա ՀԱՊԿ կազմից: Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք կա հիմք նման ցանկություն ունենալու:

-Դա անելը Հայաստանի կողմից մեծ հիմարություն կլիներ: Դա Մոսկվայում կընկալվի որպես ոչ բարեկամական քայլ: Հայաստանը Ռուսաստանի հետ ունի երկկողմանի համագործակցության ձևաչափ, լուրջ հարց կառաջանա, թե ինչպես է աշխատելու այն, եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից: Այդ դեպքում շատ դժվար կլինի Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում մրցավազքում մնալը:

-Ի՞նչ ապագա եք սպասում ՀԱՊԿ-ի համար:

-Այն կմնա այնպիսին, ինչպիսին կա: Դա մի կազմակերպություն է, որի անդամներն ունեն առանձին հարաբերություններ Ռուսաստանի հետ, բայց միմյանց հետ կապերը շատ թույլ են: Այստեղ պետություններն իրարից տարբերվող հետաքրքրություններով են և հաճախ իրար հակասում են, և ոչ ոք իրականում չի էլ ամաչում այդ մասին դիմացինին ասել: Ստացվում է, որ ՀԱՊԿ-ում բոլորին պահում է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունը: Եվ դա էլ կպահի ՀԱՊԿ-ի գործունեությունը բավականին երկար ժամանակ: