Ադրբեջանը փաստերը խեղաթյուրում է, Նախիջևանում ոչ մի բարձունք չի «ազատագրվել». Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանում հերթական անգամ փորձում են փաստերը խեղաթյուրել, Ադրբեջանը ոչ մի միլիմետր հող չի «ազատագրել»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով www.bellingcat.com-ի հրապարակման ադրբեջանական մեկնությանը, ըստ որի՝ հրապարակումն իբր արձանագրում է, որ Նախիջևանում նոր բարձունք է «ազատագրվել»
«Ես նման հայտարարությունները հերքում եմ՝ ինչպես իմ անունից, այնպես էլ հոդվածի հեղինակ Մասիս Ինգիլիսյանի անունից: Մասիսը ոչ մի նման բան չի ասել և չի գրել: Ադրբեջանական կողմը առաջ էր եկել, բայց բացառապես չեզոք տարածքի իր հատվածում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ նախիջևանյան հատվածում հայկական կողմից շուրջ տասը հազար քառակուսի կմ «ազատագրվել» է:
Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայտարարությանը, պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր.
«Զարմանալի է, որ մի երկրի գերագույն-գլխավոր հրամանատարը տեղյակ չէ, որ իր զորքերն իրենք իրենցից հողեր են ազատագրում: Եթե այդ տարածքների նկատմամբ հայկական զորքերը երբեք, սկսած դեռ 1988-89թթ. երբեք ուղիղ վերահսկողություն չեն ունեցել, ապա ումի՞ց են նրանք դա ազատագրել: Չնայած հայկական զորքերն այդ տարածքների նկատմամբ չունեն վերահսկողություն առայժմ, դեռ չունեն»,-նշել էր նա:










