Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկի դիմաց վիճաբանության ընթացքում 3 տղամարդ մարմնական վնասվածքներ է ստացել. 18-ամյա երիտասարդը ձերբակալվել է

14:25 • 09.11.18

Նոյեմբերի 8-ին` ժամը 2-ն անց 5-ից սկսած թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին մի քանի ահազանգեր ստացվեցին: «Աջ այտային շրջանի քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ անոթային շրջանի կտրած-ծակած վերքեր», «կրծքավանդակի ձախ կեսի և աջ ազդրի կտրած-ծակած վերք», «ձախ ուսահոդի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշումներով բուժօգնության էր դիմել 3 տղամարդ: Նրանցից մեկը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է վիճաբանության հետևանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը, ժամը 1-ն անց 30-ին, Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկի դիմաց, տղամարդիկ վիճաբանության մեջ են մտել երեք անծանոթ անձանց հետ, ինչի ընթացքում նրանցից մեկը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել վերջիններիս:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ տղամարդիկ վիճաբանել են Էդգար և Հարություն Ա. եղբայրների, Մարտուն Մ.-ի հետ, և այդ ընթացքում 18-ամյա Մարտուն Մ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել ու ծանր մարմնական վնասվածք է պատճառել տղամարդկանցից մեկին:

Հարուցվել է քրեական գործ: 

Նույն օրը Էդգար Ա.ն և Մարտուն Մ.-ն բերման են ենթարկվել ոստիկանություն: Մարտուն Մ.-ն տվել է խոստովանական ցուցմունք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մարտուն Մ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: