Անտառային հրդեհների պատճառով Մալիբուի իշխանությունները հայտարարել են բնակիչների պարտադիր տարհանման մասին

22:35 • 09.11.18

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով Մալիբու քաղաքի իշխանություններն ուրբաթ՝ նոյեմբերի 9-ին, հայտարարել են բնակիչների պարտադիր տարհանման մասին: Համապատասխան ծանուցումը Մալիբուի արտակարգ իրավիճակների վարչությունը տարածել է համացանցի միջոցով, գրում է TACC-ը:

«Քաղաքի ամբողջ տարածքի համար հայտարարվում է պարտադիր տարհանում», - նշվում է ծանուցման մեջ:

Հիշեցնենք, որ շաբաթվա կեսին Վենտուրա շրջանում բռնկված անտառային հրդեհը շարունակում է տարածվել: Ավելի վաղ իշխանությունները հայտարարել են 75 հազար տան բնակիչների տարհանման մասին:

Ներկա պահին հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 3300 հրշեջ, սակայն առայժմ նրանց չի հաջողվում կանխել կրակի տարածումը: