Ազգային փոքրամասնությունները պետք է լինեն իշխանամետ. մենք առաջարկել ենք ընդգրկվել ՔՊ ցուցակում. քրդական համայնքի ղեկավար
Քրդական համայնքի ներկայացուցիչները դիմել են Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը՝ նրանց ցուցակում ներգրավելու խնդրանքով. Tert.am-ին ասաց քրդական համայնքը ներկայացնող ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը:
«Ես միշտ ասել եմ, որ ազգային փոքրամասնությունները պետք է լինեն իշխանամետ, կառավարամետ, որովհետև մենք մեր համայնքային հարցերը լուծում ենք կառավարության, իշխանությունների հետ: Անցյալ անգամ մենք եղել ենք «Հանրապետական» կուսակցության ցուցակներում, այսօր փոխվել է իրավիճակը, ժողովուրդը գնում է նոր իշխանությունների հետ, մեր համայնքն էլ է այդ իշխանությունների հետ գնում, և մենք առաջարկել ենք մտնել նորից ՔՊ ցուցակ՝ որպես իշխանական կուսակցություն»,-ասաց նա:
Ըստ Հասանովի՝ դեռևս պատասխան չեն ստացել։
«Դեռևս մեզ պատասխան չեն տվել, հավանաբար մյուս շաբաթ արդեն կլինի պատասխանը, եթե համաձայնեն, կմտնենք այդ կուսակցության ցուցակ՝ որպես ազգային փոքրամասնություն»,-ասաց նա:
Նշենք, որ ազգային փոքրամասնությունների համար ներկայացվածությունը խորհրդարանում օրենքի պահանջ է: Ընտրական օրենսգրքում ազգային փոքրամասնությունների պարտադիր ներկայացվածությանը վերաբերող դրույթի համաձայն՝ ՀՀ ազգային փոքրամասնություններից ներկայացված կլինեն եզդիները, ռուսները, ասորիներն ու քրդերը, յուրաքանչյուրը՝ մեկական պատգամավորով:
Կնյազ Հասանովը նշեց, որ բացի իրենից, այլ թեկնածուներ ևս ունեն. «Քննարկման հարց է: Համայնքը կորոշի, եթե ինձ որոշեն, ուրեմն ես կգլխավորեմ»,-ասաց նա:










